Դեֆիբրիլյատորներով հագեցած անօդաչու թռչող սարքերը կարող են սրտի կանգի վայր հասնել շտապօգնության մեքենաներից ավելի շուտ՝ ապահովելով կենսական նշանակություն ունեցող սարքավորումների ավելի արագ հասանելիությունը։ Շոտլանդիայի Ստրաթքլայդի համալսարանի նոր հետազոտության համաձայն՝ նման համակարգը կարող է տարեկան հարյուրավոր դեպքերում տեղ հասնել շտապօգնությունից առաջ։
Արդյունքները հրապարակվել են Reliability Engineering & System Safety հանդեսում։
Հետազոտողները մոդելավորել են անօդաչու թռչող սարքերի ցանցի աշխատանքը, որը ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորներ է հասցնում հիվանդանոցից դուրս սրտի կանգ ունեցած մարդկանց։ Շոտլանդիայում տարեկան գրանցվում է ավելի քան 3000 նման դեպք։ Առանց միջամտության անցնող յուրաքանչյուր րոպեն էապես նվազեցնում է հիվանդի ողջ մնալու հավանականությունը։
Հետազոտողների հաշվարկներով՝ Մեծ Գլազգոյի և Քլայդի շրջանում անօդաչու սարքերը տարեկան մոտ 490 դեպքում կարող էին տեղ հասնել շտապօգնությունից առնվազն մեկ րոպե շուտ։ Գրամպիան տարածաշրջանում, որն ընդգրկում է ընդարձակ գյուղական տարածքներ, նման դեպքերի թիվը կարող էր կազմել տարեկան շուրջ 195։
Մոդելավորումը նաև ցույց է տվել, որ անօդաչու սարքերը կարող են զգալիորեն մեծացնել դեֆիբրիլյատորների հասանելիությունը սրտի կանգից հետո առաջին վեց րոպեների ընթացքում։ Մեծ Գլազգոյի և Քլայդի շրջանում շտապօգնության մեքենաներն այդ ժամանակահատվածում տեղ են հասել գրանցված դեպքերի 24%-ում, մինչդեռ անօդաչու սարքերը կարող էին դեֆիբրիլյատորը վեց րոպեում հասցնել դեպքերի 86%-ում։ Առաքման հաշվարկային միջին ժամանակը կազմել է 4,01 րոպե։
Գրամպիանում համապատասխան ցուցանիշները կազմել են 32%՝ շտապօգնության և 77%՝ անօդաչու սարքերի համար, իսկ անօդաչու սարքով առաքման հաշվարկային միջին ժամանակը՝ 4,33 րոպե։
Միաժամանակ հետազոտողները շեշտում են, որ սարքավորման ավելի արագ առաքումը պարտադիր չէ, որ նշանակի բուժման ավելի վաղ մեկնարկ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տուժածի կողքին լինի մարդ, որը կարող է օգտվել դեֆիբրիլյատորից։
Մոդելը մշակելիս մասնագետները հաշվի են առել ոչ միայն հեռավորությունները, այլև եղանակային պայմանները, այդ թվում՝ քամին, շտապօգնության հնարավոր ուշացումները, թռիչքի տևողությունը, մարտկոցի լիցքի սպառումը, տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունները և թռիչքների համար արգելված գոտիները։ Մեթոդիկան թույլ է տվել որոշել անօդաչու սարքերի տեղակայման այն վայրերը, որոնք կապահովեին առավել հուսալի ծածկույթ, հատկապես այնտեղ, որտեղ շտապ բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ է։
Ստրաթքլայդի համալսարանի Խելացի ենթակառուցվածքների կենտրոնի ղեկավար Էդոարդո Պատելլիի խոսքով՝ անօդաչու սարքերը չպետք է փոխարինեն շտապօգնությանը կամ պարամեդիկներին։ Դրանց խնդիրն է լրացնել արտակարգ արձագանքման գործող համակարգը՝ դեֆիբրիլյատորներ հասցնելով բուժաշխատողների ժամանմանը նախորդող վճռորոշ րոպեներին։
Այժմ անհրաժեշտ է ստուգել, թե որքան արդյունավետ կարող է նման համակարգն աշխատել իրական պայմաններում, և արդյոք սարքավորումների ավելի արագ առաքումը կբարելավի հիվանդների բուժման ելքերը։










