Կեռասի մեջ պարունակվող պոլիֆենոլները կարող են օգնել աղիներին դիմակայել բակտերիալ վարակներին և պաշտպանել դրանց հյուսվածքները վնասվելուց։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք ուսումնասիրել են այս պտղի մզվածքի ազդեցությունն աղիների բջիջների և սալմոնելայով վարակված կլոր որդերի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Function ամսագրում։
Փորձարկումների համար հետազոտողներն օգտագործել են կեռասի վերամշակման մնացորդներից ստացված մզվածքը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտային հատկություններով օժտված բնական միացություններ։
Լաբորատոր պայմաններում գիտնականները ստուգել են մզվածքի ազդեցությունը մարդու աղիքային էպիթելի բջիջների վրա։ Պարզվել է, որ դրա բաղադրության մեջ եղած նյութերը խանգարել են սալմոնելաներին կպչել բջիջներին և ներթափանցել դրանց մեջ։ Բացի այդ, ուսումնասիրված առավելագույն խտության դեպքում մզվածքը 72,6%-ով նվազեցրել է աղիքային պատնեշի թափանցելիությունը՝ օգնելով պահպանել դրա ամբողջականությունը։
Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ կեռասի բաղադրիչները ճնշել են բորբոքային գործընթացների հետ կապված գեների ակտիվությունը և ուժեղացրել բջիջների հակաօքսիդանտային պաշտպանության մեխանիզմները։
Դրական ազդեցություն է արձանագրվել նաև կլոր որդերի վրա անցկացված փորձերի ժամանակ։ Մզվածքի ազդեցությունից հետո սալմոնելայով վարակված օրգանիզմների աղիներում նվազել է բակտերիաների քանակը, իսկ նրանց գոյատևման ցուցանիշը բարձրացել է։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ կեռասի պոլիֆենոլները կարող են հիմք դառնալ բակտերիալ վարակներից աղիները պաշտպանող նոր միջոցների մշակման համար։ Այնուամենայնիվ, առայժմ արդյունքները ստացվել են միայն լաբորատոր փորձարկումների ընթացքում և մոդելային օրգանիզմների վրա։ Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար, թե որքանով են այս նյութերն արդյունավետ մարդկանց շրջանում աղիքային վարակների կանխարգելման և բուժման համար։










