Տեստոստերոնի ամենացածր մակարդակ ունեցող տղամարդկանց շրջանում ուռուցքային հիվանդություններից մահացության հարաբերական ռիսկը 18%-ով ավելի բարձր է, քան այն տղամարդկանց մոտ, որոնց օրգանիզմում այս հորմոնի ցուցանիշներն ամենաբարձրն են։ Այս մասին են վկայում ավելի քան 26 հազար տղամարդկանց տվյալների վերլուծության արդյունքները։ Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականների և նրանց գործընկերների համատեղ ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet Healthy Longevity ամսագրում։
Հետազոտողները միավորել են 11 դիտողական ուսումնասիրությունների արդյունքները։ Ընդգրկված նախագծերի շրջանակում մասնակիցների առողջական վիճակին հետևել են առնվազն հինգ տարի, իսկ հորմոնների մակարդակը չափել են զանգվածային սպեկտրոմետրիայի մեթոդով։ Վերլուծության ընթացքում հաշվի են առնվել տարիքը, մարմնի քաշը, ծխելու հանգամանքը, նախկինում տարած քաղցկեղը և այլ գործոններ։
Մահացության ցուցանիշների տարբերությունը պահպանվել է նաև տեստոստերոնի ամենացածր և ամենաբարձր մակարդակ ունեցող խմբերի (բաշխման ստորին և վերին 20 տոկոսների) համեմատության ժամանակ։ Ռիսկի աճն առավել ցայտուն է եղել հորմոնի ցածր կոնցենտրացիայի դեպքում։
Քաղցկեղից մահացության ավելի բարձր ռիսկ է գրանցվել նաև դիհիդրոտեստոստերոնի՝ ազգակից հորմոնալ միացության ցածր մակարդակի դեպքում։ Միևնույն ժամանակ, ընդհանուր տեստոստերոնի մակարդակի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև որևէ կապ չի հայտնաբերվել։
Ստացված արդյունքներն ամենևին չեն նշանակում, թե հորմոնի պակասն ինքնին ուռուցքներ է առաջացնում, կամ թե դրա ընդունումը կարող է կանխել քաղցկեղը։ Ցածր տեստոստերոնը կարող է պարզապես վկայել առողջական այլ խնդիրների մասին, իսկ դիտողական տվյալները թույլ չեն տալիս լիովին տարանջատել հնարավոր պատճառները։
Հետազոտության հեղինակները հորմոնալ ցուցանիշները դիտարկում են որպես ռիսկի հավանական մարկերներ։ Դրանց գործնական նշանակությունը հասկանալու և պատճառահետևանքային մեխանիզմները պարզելու համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ։










