ԴՆԹ-ի մի փոքր հատվածում տեղի ունեցած էվոլյուցիոն փոփոխությունները կարող էին ազդել այն բջիջների ձևավորման վրա, որոնք անհրաժեշտ են պրիմատների գլխուղեղի մեծ և բարդ կեղևի զարգացման համար։ Այս եզրակացությանն են եկել Թայվանի և Ճապոնիայի հետազոտողները՝ ուսումնասիրելով DACH1 գենի կարգավորման մեխանիզմը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Աշխատանքն իրականացրել են Թայվանի Յան Մին Ցզյաո Տուն ազգային համալսարանի և Սինիկա ակադեմիայի մասնագետները՝ Կիոտոյի համալսարանի գործընկերների հետ համատեղ։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ էվոլյուցիան կարող էր փոխել ոչ միայն ուղեղի զարգացման ընթացքում առաջացող բջիջների քանակը, այլև այն հրահանգները, որոնք որոշում են, թե բջիջների կոնկրետ որ տեսակներն են ձևավորվում։
Գիտնականները կենտրոնացել են բազալ ճառագայթային գլիալ բջիջների (bRG) վրա։ Դրանք նյարդային ցողունային բջիջների տարատեսակ են, որը հատկապես տարածված է պրիմատների զարգացող ուղեղում և համեմատաբար հազվադեպ է հանդիպում մկների մոտ։ Այս բջիջներն ունակ են բազմիցս բաժանվելու՝ ավելացնելով այն բջիջների թիվը, որոնցից ձևավորվում է գլխուղեղի կեղևը։ Կեղևը պատասխանատու է ընկալման, խոսքի, հիշողության և այլ բարդ գործառույթների համար, նաև ապահովում է ուղեղի տարբեր հատվածների փոխազդեցությունը։
Հետազոտողները հայտնաբերել են ԴՆԹ-ի մի փոքր կարգավորիչ հատված, որն օգնում է կառավարել DACH1 գենի ակտիվությունը։ Այս գենն առկա է մարդկանց, կապիկների և մկների մոտ, սակայն կարգավորիչ հատվածի առանձնահատկությունները տարբերվում են պրիմատների և մյուս ողնաշարավորների մոտ։
«Մեզ հետաքրքրեց այն, որ այս գենն արդեն գոյություն ունի թե՛ մարդկանց, թե՛ մկների մոտ։ Կարևոր տարբերությունը կարող է լինել ոչ թե հենց գենի, այլ այն հրահանգների մեջ, որոնք որոշում են, թե ինչպես է այն օգտագործվում ուղեղի զարգացման ընթացքում», — պարզաբանել է Յան Մին Ցզյաո Տուն ազգային համալսարանի անատոմիայի և բջջային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Պեյ Շան Հոուն։
Կարգավորիչ հատվածի դերը ստուգելու համար գիտնականները լաբորատորիայում աճեցրել են մարդու և ռեզուս մակակների գլխուղեղի կեղևի եռաչափ օրգանոիդներ։ Այս մոդելները վերարտադրում են ուղեղի վաղ զարգացման որոշ առանձնահատկություններ։
ԴՆԹ-ի ուսումնասիրվող հատվածը հեռացնելուց հետո օրգանոիդներում նվազել է bRG-ին բնորոշ մարկեր ունեցող բջիջների քանակը, մինչդեռ նախորդող բջիջների մյուս կարևոր պոպուլյացիաները հիմնականում պահպանվել են։
Մեկ այլ փորձի ընթացքում հետազոտողները մարդու կարգավորիչ տարրը ներմուծել են մկների զարգացող ուղեղի մեջ։ Դա ավելացրել է բազալ ճառագայթային գլիալ բջիջներին բնորոշ հատկանիշներ ունեցող բջիջների քանակը։
Լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ DACH1-ի ակտիվության բարձրացումը նույնպես ազդում է բջիջների զարգացման վրա։ Մկների ուղեղի հյուսվածքում նյարդային ցողունային բջիջների բաժանմանը հետևելիս պարզվել է, որ bRG-ի հատկություններ ձեռք բերող դուստր բջիջների մասնաբաժինը մոտ 4%-ից աճել է մինչև 15%։
Գիտնականները նաև փոփոխություններ են հայտնաբերել ձևավորվող նյարդային բջիջների տեսակների հարաբերակցության մեջ, այդ թվում՝ ուղեղի կիսագնդերի միջև կապերի հաստատմանն առնչվող բջիջների։ Հետազոտողների տվյալներով, DACH1-ը գործում է՝ ճնշելով նյարդային ցողունային բջիջների զարգացմանը մասնակցող մեկ այլ մոլեկուլային ազդանշան։
Հեղինակներն ընդգծում են, որ բացահայտումն ուղղակիորեն չի բացատրում մարդկային բանականության ծագումը։ Սակայն այն մատնանշում է ուղեղի էվոլյուցիայի լրացուցիչ մեխանիզմ. արդեն գոյություն ունեցող գեների կարգավորման փոփոխությունները կարող են ազդել այն բանի վրա, թե ինչ բջիջներ են ձևավորվում, և ինչպես են հետագայում կազմակերպվում նեյրոնային ցանցերը։
Հետագայում նման մեխանիզմների ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ պրիմատների ուղեղի էվոլյուցիան և կատարելագործել նյարդային համակարգի բնականոն ու խանգարված զարգացման լաբորատոր մոդելները։










