Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց մոտ արթուն ժամանակ ավելի հաճախ են քնին բնորոշ ուղեղային ալիքներ առաջանում։ Դրանց ավելի բարձր ակտիվությունը կապված է հիշողության և ուշադրության վատթարացման հետ, իսկ որոշ տեսակի ալիքներ առավել արտահայտված են հալյուցինացիաներ ունեցող պացիենտների մոտ։ Այս եզրակացություններին են հանգել հետազոտողները, որոնց աշխատանքը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում։

Պարկինսոնի հիվանդությունն ախտահարում է դոֆամին արտադրող նեյրոնները և առաջացնում շարժողական խանգարումներ, այդ թվում՝ կարկամություն, դող և շարժումների դանդաղում։ Սակայն հիվանդությունը կարող է ազդել նաև ճանաչողական կարողությունների, քնի և շրջապատող աշխարհի ընկալման վրա։

Հետազոտողները էլեկտրաուղեղագրության (ԷՈւԳ) միջոցով գրանցել են Պարկինսոնի հիվանդությամբ, բայց առանց դեմենցիայի 84 պացիենտի և 30 առողջ տարեց մարդու ուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Մասնակիցները հինգ րոպե նստել են բաց աչքերով։ Գրանցումները ցույց են տվել, որ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մոտ արթուն ժամանակ ավելի հաճախ են առաջացել դանդաղ ուղեղային ալիքներ, որոնք հիշեցնում են քնի ընթացքում դիտվող ակտիվությունը։

Հատկապես ակնհայտ էին հալյուցինացիաներ ունեցող և չունեցող պացիենտների միջև տարբերությունները։ Հալյուցինացիաների, տեսողական պատրանքների կամ ինչ-որ մեկի ներկայության զգացողության մասին հայտնած 37 մասնակիցների մոտ թետա և դելտա տիրույթների դանդաղ ալիքներն ավելի արտահայտված էին, քան նման ախտանիշներ չունեցող պացիենտների և առողջ մարդկանց մոտ։

Ալիքների առաջացման հաճախականությունը նույնպես նշանակություն ուներ։ Որքան հաճախ էին առաջանում թետա ալիքները, այնքան ցածր էին ճանաչողական թեստերի արդյունքները, հատկապես աշխատանքային հիշողությունը և գնահատող առաջադրանքներում բառերի վերարտադրությունը։

Բնականոն պայմաններում դանդաղ ալիքները բնորոշ են խոր քնին և օգնում են պահպանել ուղեղի բնականոն աշխատանքը։ Առողջ մարդկանց ուղեղի առանձին հատվածներ կարող են կարճ ժամանակով նման վիճակի անցնել նաև արթուն ժամանակ, ինչը երբեմն ուղեկցվում է ցրվածությամբ և ուշադրության կարճատև բացթողումներով։ Պարկինսոնի հիվանդության դեպքում նման ալիքները կարող են ավելի հաճախ առաջանալ և ավելի արտահայտված լինել։

Հեղինակները կարծում են, որ այս ակտիվության հետագա ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ Պարկինսոնի հիվանդության ժամանակ ճանաչողական խանգարումների և հալյուցինացիաների առաջացման մեխանիզմները։ Հեռանկարում նման փոփոխությունները կարող են դառնալ հիվանդության վաղ փուլերի կենսամարկերներ, սակայն դրանց ախտորոշիչ արժեքը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։