Նեղացած կորոնար զարկերակները լայնացնելու նպատակով ստենտի տեղադրումը՝ դեղորայքային բուժման հետ համատեղ, չի ապահովում սրտամկանի ինֆարկտի կամ մահվան երկարաժամկետ ռիսկի էական նվազում սրտի կայուն իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտների մոտ։ Այս եզրակացությանն են հանգել Կոլորադոյի համալսարանի Անշուտցի բժշկական դպրոցի հետազոտողները՝ վերլուծելով պացիենտների՝ 15–25 տարվա դիտարկման տվյալները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում և ներկայացվել Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի 2026 թվականի գիտական նստաշրջաններում։
COURAGE սկզբնական կլինիկական հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են սրտի կայուն իշեմիկ հիվանդության բուժման երկու մոտեցում՝ միջմաշկային կորոնար միջամտությունը (ՄԿՄ) կամ անգիոպլաստիկան՝ օպտիմալ դեղորայքային թերապիայի հետ համատեղ, և միայն դեղորայքային բուժումը։ Անգիոպլաստիկայի ժամանակ բժիշկը փոքր փուչիկի օգնությամբ լայնացնում է զարկերակի նեղացած հատվածը և, որպես կանոն, տեղադրում ստենտ՝ մետաղական ցանցավոր խողովակ, որն օգնում է անոթի լուսանցքը բաց պահել։
Նոր վերլուծության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են սկզբնական փորձարկման 959 մասնակցի տվյալները՝ դրանք համադրելով բժշկական գրառումների հետ։ Դիտարկման միջին ժամանակահատվածը կազմել է 15 տարի, իսկ որոշ պացիենտների հետևել են 25 տարի։
Այդ ժամանակահատվածում երկու խմբերի միջև մահվան կամ ինֆարկտի համակցված ռիսկի էական տարբերություն չի հայտնաբերվել։ Հետազոտողների հաշվարկներով՝ 25-րդ տարվա դրությամբ այս ելքերի կուտակային հաճախականությունը կազմել է 93,3 տոկոս այն պացիենտների շրջանում, որոնց սկզբում նշանակվել էր ստենտավորմամբ անգիոպլաստիկա՝ դեղորայքային թերապիայի հետ համատեղ, և 91 տոկոս՝ միայն դեղորայք ստացածների շրջանում։
«Երբ մենք բացում ենք խցանված զարկերակը, գիտենք, որ դրանով արյան հոսքը բարելավվում է, իսկ ախտանիշները թուլանում են։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյոք դա երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է ինֆարկտի կամ մահվան ռիսկը», — պարզաբանել է հետազոտության ղեկավար, սրտաբան Նիլ Բուտալան։
Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքները չեն նշանակում, թե ստենտավորումն անօգուտ է։ Միջամտությունը կարող է նվազեցնել կրծքավանդակի ցավը և հիվանդության այլ դրսևորումները, իսկ ինֆարկտի որոշ տեսակների դեպքում անհետաձգելի միջամտությունը կարող է կյանք փրկել։ Հետազոտությունը վերաբերում էր սրտի կայուն իշեմիկ հիվանդություն ունեցողբ պացիենտների բուժման սկզբնական ռազմավարությանը, այլ ոչ թե անհետաձգելի օգնությանը սուր կորոնար համախտանիշի դեպքում։
Աշխատանքն ունի նաև սահմանափակումներ։ Վերլուծությունը նախկինում անցկացված ռանդոմիզացված հետազոտության մասնակիցների լրացուցիչ դիտարկում էր, այլ ոչ թե նոր փորձարկում։ Դրանում ընդգրկվել է 959 պացիենտ, որոնց բժշկական գրառումները հնարավոր է եղել համադրել, ընդ որում՝ սկզբնական հետազոտվող խմբի զգալի մասը կազմել են վետերանները, որոնց առողջական ռիսկը սկզբից ևեթ բարձր էր։










