Ամերիկյան Journi Health հեռաբժշկական ընկերությունը թողարկել է քաշի նվազեցման համար նախատեսված Melt անվանումով շոկոլադը, հայտնում է Wired-ը։ Դրա բաղադրության մեջ մտնում է օրֆորգլիպրոն՝ Eli Lilly ընկերության նիհարեցնող Foundayo դեղատոմսային դեղամիջոցի ակտիվ բաղադրիչ։ Ընկերությունն արտադրում է նաև GLP-1-ի հիմքով Mounjaro ներարկվող դեղամիջոցը։

Journi Health-ում պնդում են, որ արտադրանքը մշակել են այն մարդկանց համար, որոնց համար դժվար է ներարկումներ անել կամ դեղահաբեր կուլ տալ, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են դեղամիջոցի միկրոդոզաներ ընդունել՝ քաշը պահպանելու համար։

Նախատեսվում է, որ շոկոլադը պետք է ընդունել օրական մեկ անգամ։ Ամսական բաժանորդագրությունը (շոկոլադի 24 կտոր և բժշկի խորհրդատվություն) կարժենա 189 դոլար։ Բնօրինակ Foundayo դեղահաբերի ամսական կուրսն առանց ապահովագրության արժե 649 դոլար։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Wired-ը, նորույթը չի ստացել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հավանությունը, իսկ GLP-1-ի հիմքով դեղամիջոցների՝ FDA-ի կողմից հաստատված նվազագույն չափաբաժնից ցածր դոզաներով ընդունման արդյունավետությունն ապացուցված չէ։

Melt-ը անհատական դեղատոմսով պատրաստվող դեղամիջոց է։ FDA-ն դեղատներին թույլ է տալիս նման դեղեր պատրաստել, երբ բնօրինակ դեղամիջոցի պակաս կա կամ պացիենտի անհատական կարիքները դա են պահանջում։

Eli Lilly-ում քաշի նվազեցման շոկոլադն անվանել են չուսումնասիրված կեղծիք և լուրջ բժշկական կարիքը մարքեթինգային հնարքի վերածելու փորձ։