Սննդաբան Ջեսիկա Քորվինը կաթնաշոռը համարել է տարեցների համար սպիտակուցի և կալցիումի լավագույն աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ այս մթերքի կանոնավոր օգտագործումն օգնում է պահպանել մկանների և ոսկորների առողջությունը և կարող է նպաստել կոտրվածքների ու ընկնելու վտանգի նվազեցմանը։ Մասնագետի խորհուրդը հրապարակել է Real Simple պարբերականը։

Սննդաբանն ընդգծել է, որ կաթնաշոռը սննդանյութերով հարուստ մթերք է, որը կարող է օգնել տարեցներին բավարարել սպիտակուցի և կալցիումի օրական պահանջը։

«Մոտ 240 մլ ծավալով մեկ բաժակ կաթնաշոռը պարունակում է մոտավորապես 30 գ սպիտակուց։ Սա երկու անգամ ավելի է, քան երկու խոշոր ձվում։ Բացի այդ, նման չափաբաժինն օրգանիզմն ապահովում է մոտավորապես 227 մգ կալցիումով, որն անհրաժեշտ է ոսկորների ամրությունը պահպանելու համար», — նշել է փորձագետը։

Անդրադառնալով կաթնամթերքի օգտակարությանը՝ Քորվինը ներկայացրել է ավելի քան յոթ հազար տարեցների մասնակցությամբ հետազոտության արդյունքները։ Դրանց համաձայն՝ կաթնամթերքի հաշվին կալցիումի և սպիտակուցի ընդունման ավելացումը կապված է եղել կոտրվածքների վտանգի՝ 33%-ով, իսկ ընկնելու վտանգի՝ 11%-ով նվազման հետ։ Այս տվյալները վերաբերում են կաթնամթերքի օգտագործմանը, ոչ թե միայն կաթնաշոռին։

«Կաթնաշոռը կարող է հատկապես օգտակար լինել տարեց կանանց համար, որոնց շրջանում օստեոպորոզի զարգացման վտանգն ավելի բարձր է։ Տարիքի հետ շատերն ավելի արագ են հագենում, ուստի սննդանյութերով հարուստ մթերքները դառնում են օրգանիզմի՝ սպիտակուցի պահանջը բավարարելու հարմար միջոց», — պարզաբանել է Քորվինը։

Քորվինը խորհուրդ է տվել ամենօրյա սննդակարգում ներառել մոտ մեկ բաժակ կաթնաշոռ։ Այն կարելի է համադրել հատապտուղների և մյուսլիի հետ կամ օգտագործել որպես սենդվիչի քսուք։