Գենետիկական նախատրամադրվածությունը կարող է պայմանավորել, թե սննդակարգը որքան ուժեղ է ազդում կանանց «վատ» խոլեստերինի մակարդակի և սրտանոթային հիվանդությունների ռիսկի վրա։ Այս եզրակացությանն են եկել Սթենֆորդի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JACC: Advances ամսագրում։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 21 հազար ամերիկուհու տվյալներ, որոնք հավաքագրվել են մի քանի տասնամյակի ընթացքում՝ «Women's Health Initiative» լայնածավալ հետազոտության շրջանակում։ Մասնակիցները պարբերաբար տեղեկություններ են տրամադրել իրենց սննդակարգի մասին, ստուգել խոլեստերինի մակարդակը և անցել գենետիկական հետազոտություն։

Հետազոտողները պարզել են, որ որոշ գենետիկական առանձնահատկություններ կապված են ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ)՝ այսպես կոչված «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի հետ։ Այս կապն առավել նկատելի է եղել այն կանանց շրջանում, որոնք մեծ քանակությամբ հագեցած ճարպեր են օգտագործել։

ՑԽԼ-ի բարձր մակարդակի նկատմամբ առավել արտահայտված գենետիկական նախատրամադրվածություն ունեցող մասնակիցների՝ հետազոտվածների ամենաբարձր գենետիկական ռիսկով քառորդի շրջանում, հագեցած ճարպերով հարուստ սննդակարգը կապված է եղել նաև ինֆարկտի և ինսուլտի բարձր ռիսկի հետ։ Ավելի թույլ նախատրամադրվածություն ունեցող կանանց շրջանում այս օրինաչափությունն ավելի քիչ է արտահայտված եղել։

Հետազոտության ավագ հեղինակ, Սթենֆորդի համալսարանի սրտաբան Շոա Քլարկի խոսքով՝ սա չի նշանակում, թե անբարենպաստ ժառանգականություն ունեցող մարդկանց համար սննդակարգը փոխելն անիմաստ է։ Ընդհակառակը՝ խոլեստերինի բարձր մակարդակի նկատմամբ գենետիկական հակում ունեցողների դեպքում սննդակարգը կարող է հատկապես նկատելի ազդեցություն ունենալ՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով։

Հետազոտողները չեն գտել որևէ ապացույց, որ հագեցած ճարպերի մեծ քանակությամբ օգտագործումը պաշտպանում է սիրտը՝ նույնիսկ ՑԽԼ-ի բարձր մակարդակի նկատմամբ համեմատաբար ցածր գենետիկական նախատրամադրվածություն ունեցող կանանց շրջանում։ Սա հակասում է բարձր յուղայնությամբ որոշ սննդակարգերի, այդ թվում՝ կետոգեն սննդակարգի կողմնակիցների պնդումներին։

Հեղինակները նշում են, որ հագեցած ճարպերի նկատմամբ օրգանիզմի անհատական արձագանքի տարբերությունները կարող են բացատրել դրանց թույլատրելի քանակի շուրջ քննարկումներում առաջացող հակասությունները։ Միևնույն ժամանակ, առայժմ բավարար տվյալներ չկան գենետիկական ռիսկի գնահատականների հիման վրա սննդակարգի անհատական խորհուրդներ մշակելու համար։

Հետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել՝ արդյոք գենետիկական թեստերը կարող են օգնել ավելի ճշգրիտ պարզելու, թե ում համար սննդակարգի փոփոխություններն առավել օգտակար կլինեն։ Նրանք ընդգծում են, որ գենետիկական նախատրամադրվածությունը չի նշանակում, թե սննդակարգի ազդեցությունն անխուսափելի է, իսկ հագեցած ճարպերի չարաշահումը սրտի առողջության համար ապացուցված որևէ առավելություն չունի։