Ձկան, բանջարեղենի, ձվի, ընկուզեղենի և թեյի օգտագործումը կարող է դանդաղեցնել կաթված տարած մարդկանց հիշողության ու կոգնիտիվ այլ ունակությունների վատթարացումը։ Նման եզրահանգման են եկել Չինաստանի Հուբեյ նահանգի ավանդական բժշկության համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։

Մասնագետները վերլուծել են կաթված վերապրած 452 տարեց պացիենտի տվյալներ։ Նրանք գնահատել են, թե հիվանդությունից առաջ և հետո հետազոտության մասնակիցները որքան հաճախ են օգտագործել 13 տեսակի մթերք, ինչպես նաև հատուկ թեստերի միջոցով հետևել են նրանց ճանաչողական գործառույթների փոփոխություններին։

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր դեռ մինչև կաթվածը սննդակարգում հաճախ են ներառել բանջարեղեն, ձուկ, ձու և ընկուզեղեն, ինչպես նաև թեյ են խմել, կոգնիտիվ ունակություններն ավելի դանդաղ են վատթարացել։ Համանման պատկեր է նկատվել նաև այն մասնակիցների մոտ, ովքեր հիվանդությունից հետո են սկսել ավելի շատ բանջարեղեն, ձուկ, ձու, սխտոր ուտել և թեյ խմել։

Եվ հակառակը՝ կաթվածից հետո սննդակարգում բանջարեղենի, ձկան և թեյի պակասն ուղեկցվել է ճանաչողական ցուցանիշների ավելի արագ անկմամբ։ Վատթարացման դանդաղման ամենաակնառու դրական միտումը գրանցվել է հատկապես ձկան ու ձվի օգտագործման ծավալների մեծացման դեպքում։

Այս մթերքների հնարավոր օգտակարությունը պայմանավորված է դրանցում պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերով։ Օրինակ՝ ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք ապահովում են նյարդային բջիջների անխափան աշխատանքն ու մասնակցում բորբոքային պրոցեսների կարգավորմանը։

Ձուն խոլին է պարունակում՝ նյութ, որն անհրաժեշտ է հիշողության գործընթացներին մասնակցող ացետիլխոլին նեյրոմեդիատորի արտադրության համար։ Ընկուզեղենը հարուստ է E վիտամինով ու չհագեցած ճարպաթթուներով, իսկ բանջարեղենն ու թեյը՝ պոլիֆենոլներով և այլ հակաօքսիդանտներով, որոնք ի զորու են պաշտպանել բջիջներն օքսիդատիվ սթրեսից։

Հեղինակները ենթադրում են, որ բազմազան սննդակարգը կարող է առանցքային դեր խաղալ կաթվածից հետո կոգնիտիվ առողջության պահպանման հարցում։ Այդուհանդերձ, հետազոտությունը լոկ վիճակագրական կապ է արձանագրել և չի ապացուցում, որ հենց այս մթերքներն են անմիջականորեն պաշտպանում հիշողությունը։ Արդյունքների վրա կարող էին ազդել նաև մասնակիցների ապրելակերպի և առողջական վիճակի այլ առանձնահատկություններ։