Սննդակարգի փոփոխությունը, աղի օգտագործման նվազեցումն ու կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում են վերահսկել զարկերակային բարձր ճնշումը։ Նման եզրակացության են հանգել ամերիկյան մի շարք բժշկական հաստատությունների հետազոտողները՝ Current Hypertension Reports բժշկագիտական հանդեսում հրապարակված ամփոփիչ ուսումնասիրության մեջ։
Ամենաարդյունավետ մոտեցումներից մեկը գիտնականները համարում են DASH սննդակարգը, որը ենթադրում է ավելի շատ բանջարեղենի, մրգերի, ամբողջահատիկ մթերքների և ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգտագործում՝ հագեցած ճարպերի սահմանափակմամբ։ Ճնշման վրա դրա դրական ազդեցությունը նկատվում է նույնիսկ անկախ քաշի նվազումից և աղի օգտագործման կրճատումից։
Ըստ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի և Ամերիկյան սրտաբանության քոլեջի 2025 թվականի հանձնարարականների՝ նատրիումի օրական ընդունումը պետք է սահմանափակել մինչև 2300 մգ, իսկ իդեալական դեպքում՝ մինչև 1500 մգ։ Միաժամանակ կարևոր է բավարար քանակությամբ կալիում ստանալ՝ հիմնականում սննդամթերքից։ Սակայն երիկամների գործառույթի խանգարումներ ունեցող մարդկանց և որոշակի դեղեր ընդունողների համար աղի կալիումային փոխարինիչները կարող են վտանգավոր լինել՝ արյան մեջ կալիումի մակարդակի չափազանց բարձրացման ռիսկի պատճառով։
Քաշի նվազեցումը նույնպես օգնում է իջեցնել ճնշումը․ նույնիսկ չափավոր նիհարելը կարող է նվազեցնել սիստոլիկ ճնշման ցուցանիշները։ Կանոնավոր ֆիզիկական վարժություններն ուժեղացնում են այդ ազդեցությունը։ Ճնշման առավել նկատելի նվազում է դիտվել շաբաթական մոտ 150 րոպե տևողությամբ օդակեցական մարզումների դեպքում։ ENCORE հետազոտությունը ցույց է տվել, որ DASH սննդակարգի համադրումը կալորիաների սահմանափակման և ֆիզիկական վարժությունների հետ ճնշումն իջեցնելու համար ավելի արդյունավետ է, քան միայն սննդակարգը։
Միաժամանակ, ընդմիջումներով սնվելու օգուտի վերաբերյալ ապացույցները, երբ սննդի ընդունումը սահմանափակվում է որոշակի ժամանակահատվածով, առայժմ անբավարար են։ Հետազոտություններից մեկում այն չի ապահովել քաշի ավելի մեծ նվազում, քան նույն կալորիականությամբ սովորական սննդակարգը։
Գիտնականները նաև խորհուրդ են տալիս սահմանափակել ալկոհոլը և հետևել կոֆեինի օգտագործմանը։ Ըստ ամերիկյան հանձնարարականների՝ կոֆեինի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մգ-ը, իսկ զգալիորեն բարձր և վատ վերահսկվող ճնշման դեպքում սուրճի օգտագործումն ավելի լավ է սահմանափակել օրական մեկ բաժակով։ Ալկոհոլի օգտագործումը կրճատելը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնք այն օգտագործում են կանոնավոր և մեծ քանակությամբ։
Ճնշումը կտրուկ բարձրացնելու ունակ նյութերից են կոկաինը, մետամֆետամինը և որոշ բուսական հավելումներ, դրանց թվում՝ յոհիմբեն, էֆեդրան և դառը նարինջը։ Մատուտակը նույնպես կարող է բարձրացնել ճնշումը՝ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում։
Շնչառական վարժությունները, յոգան և մեդիտացիան կարող են կարճաժամկետ դրական ազդեցություն ունենալ, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ ապացույցներն առայժմ սահմանափակ են։ Հետազոտողներն ընդգծում են, որ կայուն արդյունքի համար անհրաժեշտ են երկարաժամկետ աջակցություն և առողջ սննդի հասանելիություն։
Կենսակերպի փոփոխությունը չի փոխարինում դեղամիջոցներին, երբ դրանք անհրաժեշտ են։ Գիտնականները նշում են, որ ճնշումն իջեցնելու միջոցառումները պետք է անհատականացված լինեն, իսկ նշանակված բուժումը չի կարելի հետաձգել՝ փորձելով ցուցանիշները կարգավորել միայն սննդակարգի և ֆիզիկական վարժությունների միջոցով։










