Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետազոտողները ցույց են տվել, որ գենի առողջ պատճենի ակտիվության ուժեղացումը կարող է մասամբ փոխհատուցել աուտիզմի հետ կապված մուտացիաների հետևանքները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։ Առայժմ մեթոդը փորձարկվել է միայն լաբորատորիայում աճեցված՝ մարդու ուղեղի բջջային մոդելների վրա։
Նյարդային զարգացման խանգարումների հետ կապված բազմաթիվ գենետիկ մուտացիաներ խաթարում են որոշակի գենի երկու պատճեններից մեկի աշխատանքը։ Մնացած առողջ պատճենի ակտիվությունը հաճախ բավարար չէ բջիջների բնականոն աշխատանքի համար։ Աուտիզմի դեպքում կիրառվող առկա միջամտությունների մեծ մասն ուղղված է ախտանիշների մեղմացմանը, այլ ոչ թե նման կենսաբանական խանգարումների վերացմանը։
Դենիել Գեշվինդի ղեկավարած թիմն ուսումնասիրել է աուտիզմի հետ կապված երկու գեն՝ CHD8-ը և SCN2A-ն։ Առաջինը մասնակցում է ուղեղի զարգացման համար անհրաժեշտ գեների ակտիվության կարգավորմանը, իսկ երկրորդը կարևոր դեր է խաղում նեյրոնների էլեկտրական ակտիվության ապահովման գործում։
Գիտնականները CRISPR-ի ձևափոխված տեխնոլոգիա են կիրառել գենի առողջ պատճենի ակտիվությունը բարձրացնելու համար՝ առանց բուն գենը խմբագրելու։ Դրա համար նրանք ներգործել են ԴՆԹ-ի այն հատվածների վրա, որոնք կարգավորում են գենի ակտիվությունը՝ ձգտելով պահպանել այդ գործընթացի բնական վերահսկողությունը։
CHD8-ի մուտացիայով մոդելներում միջամտությունը նվազեցրել է օրգանոիդների՝ զարգացող ուղեղի որոշ առանձնահատկություններ վերարտադրող փոքր բջջային կառուցվածքների անբնական գերաճը և նպաստել բջիջների հասունացմանը։ SCN2A-ի մուտացիայով մոդելներում հաջողվել է զգալի չափով վերականգնել նեյրոնների բնականոն էլեկտրական ակտիվությունը։
Ազդեցությունը դիտվել է համապատասխան մուտացիաներով բջջային մոդելներում, մինչդեռ առողջ բջիջներում գենի ակտիվության ուժեղացում չի արձանագրվել։ Արդյունքները կախված են եղել նաև բջիջների տեսակից և միջամտության ժամանակից։
Հեղինակներն ընդգծում են, որ մարդկանց մոտ մեթոդի կիրառումը դեռ հեռու է։ Անհրաժեշտ է մշակել տեխնոլոգիան ուղեղ հասցնելու անվտանգ եղանակ և պարզել՝ արդյոք հնարավոր է արդյունքի հասնել զարգացման վաղ փուլերի ավարտից հետո։ Այնուամենայնիվ, հետազոտությունը մատնանշում է նյարդային զարգացման գենետիկ խանգարումների բուժման հնարավոր մոտեցում․ գենի վնասված պատճենը շտկելու փոխարեն կարելի է փորձել ուժեղացնել առողջ պատճենի աշխատանքը։










