Հետազոտողների միջազգային խումբը վերլուծել է ավելի քան 1,4 միլիոն մարդու գենետիկ տվյալներ և հայտնաբերել չափահաս մարդու հասակի հետ կապված 207 գեն։
Nature ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ խիստ հազվադեպ գենետիկ տարբերակներ հասակի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան տարածվածները։ Սա օգնում է բացատրել, թե ինչու է մարդու իրական հասակը երբեմն զգալիորեն տարբերվում գենետիկ տվյալների հիման վրա արված կանխատեսումից։
Հետազոտությունը ղեկավարել են Regeneron գենետիկայի կենտրոնի մասնագետները։ Նրանք վերլուծել են 12 հետազոտական խմբերի 1 450 633 մասնակցի տվյալներ՝ ուսումնասիրելով գենետիկ տարբերակներ, որոնք կարող են փոխել սպիտակուցների կառուցվածքը կամ խաթարել դրանց բնականոն աշխատանքը։
Հայտնաբերված 207 գենից 115-ը նախկինում չէին բացահայտվել սեքվենավորման կիրառմամբ անցկացված նմանատիպ խոշոր հետազոտությունում։ Հատկապես ուժեղ ազդեցություն են ունեցել 17 գեների խիստ հազվադեպ տարբերակները, որոնք նախնական վերլուծության ընթացքում հանդիպել են ընդամենը մեկական անգամ։ Այդպիսի մեկ տարբերակը միջինում կապված է եղել հասակի 8,92 սմ փոփոխության հետ։ Սա մոտ 52 անգամ գերազանցում է առանձին տարածված գենետիկ տարբերակի միջին ազդեցությունը՝ 0,17 սմ։
Ազդեցությունը կախված է եղել կոնկրետ գենից։ Օրինակ՝ ACAN գենի տարբերակները կապված են եղել հասակի՝ 16,6 սմ-ով նվազման, իսկ FBN1 գենի տարբերակները՝ 11,1 սմ-ով ավելացման հետ։ Ախոնդրոպլազիայի՝ ոսկրերի աճի ժառանգական խանգարման հետ կապված FGFR3 գենի տարբերակը պայմանավորել է հասակի գրեթե 30 սմ-ով նվազում։
Հետազոտողները նաև հայտնաբերել են հասակի զգալի տարբերությունների հետ կապված գեներ, որոնք նախկինում չէին կապվել կմախքի զարգացման խանգարումներով ուղեկցվող հայտնի համախտանիշների հետ։
Այս արդյունքներն ընդլայնում են մարդու աճը կարգավորող կենսաբանական մեխանիզմների մասին պատկերացումները։ Դրանք վերաբերում են նաև ինսուլինանման աճի գործոնի ազդանշանային ուղիներին և արտաբջջային մատրիքսի՝ բջիջները շրջապատող ու հյուսվածքներին հենարան ծառայող կառուցվածքի կազմակերպմանը։
Գեների հազվադեպ տարբերակները բացատրել են մասնակիցների հասակի տարբերությունների շուրջ 4%-ը։ Սակայն առանձին մարդկանց դեպքում դրանց նշանակությունը կարող էր շատ ավելի մեծ լինել։
Որոշ մասնակիցների իրական հասակը տարածված գենետիկ տարբերակների հիման վրա արված կանխատեսումից տարբերվել է մոտ 17–20 սմ-ով կամ ավելի։ Նրանց մոտ հայտնաբերված 17 գեներում հազվադեպ տարբերակներից մեկի առկայության հավանականությունը 17 անգամ ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնց հասակը կանխատեսումից շեղվել է առավելագույնը 3 սմ-ով։
Հազվադեպ տարբերակները հաշվի առնելով՝ հետազոտողները բարձրացրել են անհատական կանխատեսումների ճշգրտությունը։ Բարելավումը հատկապես նկատելի է եղել հասակի վրա ուժեղ ազդեցություն ունեցող տարբերակների կրողների մոտ։ Վերլուծություններից մեկում FGFR3 գենի կոնկրետ տարբերակը հաշվի առնելը վեց մարդու հասակի կանխատեսումը բարելավել է միջինում 26,1 սմ-ով։
Մասնակիցների շուրջ 78%-ն ունեցել է եվրոպական գենետիկ ծագում։ Տարբեր ծագում ունեցող խմբերում հետազոտողները չեն հայտնաբերել տարբերակների ազդեցության ուժի վիճակագրորեն նշանակալի տարբերություններ։ Սակայն նրանք նշել են, որ առանձին տարբերակների հաճախականությունն ու ընտրանքների ծավալը կարող էին ազդել արդյունքների վրա։
Հեղինակներն ընդգծում են, որ ապագա գենետիկ հետազոտություններում կարևոր է ներառել ավելի բազմազան ծագում ունեցող բնակչության խմբեր։










