Ապագա պապիկների՝ իրենց զուգընկերուհիների հղիության ընթացքում ծխելը և թունդ ալկոհոլ օգտագործելը կարող են կապված լինել թոռների մոտ աուտիզմի սպեկտրի խանգարումների (ԱՍԽ) բարձր ռիսկի հետ։ Նման եզրակացության են հանգել Autism Research բժշկագիտական հանդեսում հրապարակված դիտարկային հետազոտության հեղինակները։ Միաժամանակ գիտնականներն ընդգծում են, որ հայտնաբերված կապը չի ապացուցում պատճառահետևանքային կախվածություն։

Կալիֆոռնիայի հանրային առողջապահության դեպարտամենտի, Sequoia Foundation հիմնադրամի և Բերքլիի Հանրային առողջապահության ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրել են երեք սերնդի տվյալներ՝ պարզելու համար, թե արդյոք տատիկների ու պապիկների սովորությունները հղիության ընթացքում կարո՞ղ են ազդել նրանց թոռների մոտ աուտիզմի զարգացման հավանականության վրա։

Վերլուծության համար օգտագործվել են Child Health and Development Studies նախագծի տվյալները։ 1959–1967 թվականներին հղի կանայք տեղեկություններ են հայտնել իրենց սովորությունների, ինչպես նաև իրենց զուգընկերների՝ ծխախոտի, ալկոհոլի, սուրճի և թեյի օգտագործման մասին։ Այնուհետև գիտնականներն այս տվյալները համադրել են 1989–2014 թվականներին Կալիֆոռնիայում ծնված 18 հազար 53 երեխաների վերաբերյալ տեղեկությունների հետ և պարզել երեք սերունդների միջև ազգակցական կապերը։ Աուտիզմի դեպքերը բացահայտելու համար օգտագործվել են Կալիֆոռնիայի զարգացման ծառայությունների դեպարտամենտի գրառումները։

Հարազատների կենսակերպի վերաբերյալ առնվազն մասնակի տվյալներ հաջողվել է ստանալ 14 հազար 59 թոռների համար։ Նրանցից 86-ի՝ 72 տղայի և 14 աղջկա մոտ աուտիզմ է հայտնաբերվել։

Առավել արտահայտված վիճակագրական կապերը հայտնաբերվել են պապիկների՝ ծխելու և թունդ ալկոհոլ օգտագործելու դեպքում։ Այն թոռների մոտ, որոնց պապիկները օրական առնվազն 20 ծխախոտ էին ծխում, աուտիզմի հաշվարկային ռիսկը գրեթե երկու անգամ ավելի բարձր էր, քան չծխող տղամարդկանց ժառանգների մոտ։

Այն պապիկների թոռների մոտ, որոնք շաբաթական առնվազն հինգ չափաբաժին թունդ ալկոհոլ էին օգտագործում, հաշվարկային ռիսկը գրեթե երեք անգամ ավելի բարձր էր՝ թունդ ալկոհոլ չօգտագործող տղամարդկանց ժառանգների համեմատ։ Սակայն այս արդյունքը հիմնված է նման ազդեցության ենթարկված թոռների շրջանում աուտիզմի ընդամենը տասը դեպքի վրա, ուստի դրա ճշգրտությունը սահմանափակ է։

Ընդհանուր առմամբ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործման հետ կապն ավելի անորոշ էր։ Ալկոհոլի չափավոր օգտագործումը, ինչպես նաև գարեջրի և գինու օգտագործումը՝ առանձին դիտարկելիս, թոռների մոտ աուտիզմի հետ համոզիչ կապ չեն ցույց տվել։ Հստակ կապ չի հայտնաբերվել նաև սուրճի օգտագործման հետ։ Թեյի ազդեցությունը սուրճից առանձին չի ուսումնասիրվել։

Ի զարմանս հետազոտողների՝ հղիության ընթացքում տատիկների ծխելը նույնպես հստակ կապ չի ցույց տվել թոռների մոտ աուտիզմի հետ՝ անկախ նրանից՝ ուսումնասիրվել է մայրական, թե հայրական տոհմագիծը։

Հեղինակներն առաջարկում են հայտնաբերված օրինաչափությունների մի քանի հնարավոր բացատրություն։ Ծխախոտի ծուխը կարող էր ազդել հղի կնոջ և պտղի զարգացող սեռական բջիջների վրա, որոնցից հետագայում կարող էին ձևավորվել հետազոտվող երեխաների ապագա ծնողները։ Մեկ այլ հնարավոր մեխանիզմ է սերմնաբջիջներում գեների կարգավորման փոփոխությունը՝ կապված ծխախոտի կամ ալկոհոլի ազդեցության հետ։ Սակայն այս ենթադրությունները դեռևս հաստատված չեն։

Գիտնականները կարծում են, որ ստացված արդյունքները ստուգելու համար անհրաժեշտ են ավելի լայնածավալ հետազոտություններ՝ ավելի մեծ թվով մասնակիցներով և բոլոր երեք սերունդների ներկայացուցիչների շրջանում ծխախոտի ծխի ազդեցության, ալկոհոլի օգտագործման ու այլ գործոնների վերաբերյալ մանրամասն տվյալներով։