Մայամիի համալսարանի կենսաբաններն ու նրանց գործընկերները հայտնաբերել են նախկինում անհայտ վիրուսների խումբ, որոնց սպիտակուցային թաղանթներն ընդհանուր կառուցվածքային գծեր ունեն բակտերիաների և արքեաների ներսում գտնվող մանր խցիկների հետ։ Հայտնագործությունը հետազոտողներին հիմք է տվել ենթադրելու, որ այս երկու տեսակի կառուցվածքները կարող էին էվոլյուցիայի ընթացքում բազմիցս առաջանալ մեկը մյուսից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Վիրուսի սպիտակուցային թաղանթը՝ կապսիդը, պաշտպանում է ժառանգական նյութը։ Բակտերիաներն ու արքեաներն ունեն նմանատիպ սպիտակուցային խցիկներ՝ էնկապսուլիններ։ Դրանց ներսում տեղակայված են քիմիական ռեակցիաներ իրականացնող ֆերմենտներ։ Երկու կառուցվածքներին էլ բնորոշ է սպիտակուցների ծալման միևնույն ընդհանուր ձևը․ առանձին սպիտակուցները նման կերպ են ծալվում՝ ձևավորելով սնամեջ թաղանթ։ Սակայն ձևավորված թաղանթները տարբեր գործառույթներ են կատարում։
Այս կառուցվածքների համեմատությունն օգնել է հեղինակներին բացատրություն առաջարկել այն մասին, թե ինչպես կարող էր տեղի ունենալ մի ձևից մյուսին անցումը։ Նրանց վարկածի հիմքում պրոկապսիդն է՝ վիրուսի չհասունացած թաղանթը։ Նման միջանկյալ կառուցվածքների ուսումնասիրությունը կարող է օգնել հասկանալ, թե ինչպես են նմանատիպ սպիտակուցները ժամանակի ընթացքում սկսել տարբեր գործառույթներ կատարել։ Ըստ հեղինակների՝ կապսիդների և էնկապսուլինների միջև էվոլյուցիոն անցումները կարող էին տեղի ունենալ երկու ուղղությամբ։
Նախկին վարկածներից մեկի համաձայն՝ բջջային այս խցիկներն առաջացել են վիրուսային թաղանթներից։ Նոր աշխատանքն ավելի բարդ պատկեր է ներկայացնում՝ հնարավորություն տալով գիտնականներին ստուգել, թե ինչպես են էվոլյուցիայի ընթացքում սպիտակուցային թաղանթները ստանձնել տարբեր գործառույթներ՝ ժառանգական նյութի պաշտպանությունից մինչև քիմիական ռեակցիաների կազմակերպում։










