Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանի և ԱՄՆի Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ սրտի զարկերի միջև ընկած ժամանակահատվածների փոփոխության առանձնահատկությունները կարող են վկայել կարդիոմիոպաթիայի՝ սրտամկանի ժառանգական հիվանդության վաղ նշանների մասին։ Հետազոտությունը հրապարակվել է Circulation: Arrhythmia and Electrophysiology ամսագրում։

Սովորաբար սրտի աշխատանքը գնահատում են սրտի կծկումների հաճախականությամբ և սրտի ռիթմի փոփոխականությամբ՝ հաջորդական զարկերի միջև ընկած ժամանակահատվածների փոփոխություններով։ Սակայն չափման ստանդարտ մեթոդները, ներառյալ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ), թույլ չեն տալիս լիարժեք գնահատել, թե այդ փոփոխություններն ինչպես են բաշխվում ժամանակի ընթացքում։

Նոր հետազոտության մեջ գիտնականները համատեղել են LMNA գենի մուտացիա ունեցող մկների սրտի էլեկտրական ակտիվության ուսումնասիրման փորձերը և ֆիզիկայում մշակված ժամանակային շարքերի վերլուծության մեթոդները։ Այս գենը պատասխանատու է բջջակորիզի կառուցվածքային հիմքը ձևավորող սպիտակուցների արտադրության համար։ Դրա մուտացիաները կարող են առաջացնել կարդիոմիոպաթիա, որը մեծացնում է սրտի ռիթմի խանգարումների, սրտային անբավարարության և հանկարծակի սրտային մահվան վտանգը։

Հետազոտողներն ուսումնասիրել են մկների երեք խմբերի ԷՍԳ կարճատև գրանցումները՝ առանց մուտացիայի, գենի մեկ մուտացված պատճենով և երկու մուտացված պատճենով։ Սրտի ռիթմի փոփոխականության սովորական ցուցանիշները թույլ չեն տվել հստակ տարբերակել այս խմբերը։ Այդ պատճառով գիտնականները վերլուծել են սրտի զարկերի օրինաչափությունները տարբեր ժամանակային մասշտաբներում՝ մի քանի հաջորդական զարկերից մինչև ավելի երկար ժամանակահատվածներ։

Հատկապես հետաքրքիր էին գենի մեկ մուտացված պատճեն ունեցող մկների արդյունքները։ Նրանց մոտ սովորաբար չի զարգանում սրտի աշխատանքի արտահայտված խանգարում և չի դիտվում վաղաժամ մահ, սակայն սրտի ռիթմի փոփոխությունների բնույթն արդեն տարբերվում էր մուտացիա չունեցող կենդանիների ցուցանիշներից։

«Այս բացահայտումը թույլ է տալիս ենթադրել, որ մուտացիան կարող է ազդել սրտի ռիթմի կարգավորման վրա դեռևս սրտային հիվանդության սովորական նշանների ի հայտ գալուց առաջ», — նշել է Սթենֆորդի համալսարանի հետդոկտորական հետազոտող Հիրոյուկի Ինոուեն։

Տամպերեի համալսարանի պրոֆեսոր Էսա Ռյասյանենի խոսքով՝ կարևոր են ոչ միայն սրտի զարկերի միջև ընկած ժամանակահատվածները, այլև այն, թե ինչպես են այդ ժամանակահատվածների փոփոխությունները կազմակերպված ժամանակի ընթացքում։ Օրգանիզմի փոփոխվող պահանջներին հարմարվելու սրտի կարողությունը կարող է լրացուցիչ տեղեկություն տալ դրա վիճակի մասին։

Հետագայում այս մոտեցումը կարող է լրացնել ստանդարտ ԷՍԳ-ն և օգնել հայտնաբերել սրտի ժառանգական հիվանդությունների հետ կապված վաղ փոփոխությունները, հետևել հիվանդության զարգացմանը և գնահատել բուժման հնարավոր մեթոդների արդյունավետությունը։ Սակայն առայժմ արդյունքները ստացվել են մկների վրա, և մարդկանց շրջանում մեթոդի կիրառելիությունը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։