Գարեջրի օգտագործումը կարող է բարձրացնել հոդատապի զարգացման ռիսկը։ Հոդերի այս բորբոքային հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ ցավի նոպաներով։ Այս մասին The Guardian-ի հետ զրույցում պատմել է Քիլի համալսարանի ռևմատոլոգիայի պրոֆեսոր Էդվարդ Ռոդդին։
Մասնագետի խոսքով՝ այդ կապի պատճառներից մեկը գարեջրի մեջ պարունակվող գուանոզին միացությունն է։ Նյութափոխանակության ընթացքում օրգանիզմն այն վերածում է միզաթթվի։ Եթե արյան մեջ միզաթթվի խտությունը չափազանց բարձր է դառնում, դրա աղերը՝ ուրատները, կարող են բյուրեղներ առաջացնել, որոնք կուտակվում են հոդերում և բորբոքում առաջացնում։
Ռոդդիի խոսքով՝ գարեջրի օգտագործումը կապված է հոդատապի զարգացման հատկապես բարձր ռիսկի հետ։ Սակայն ալկոհոլի օգտագործումն ու սննդակարգի առանձնահատկությունները հիվանդության հավանականության վրա ազդող միակ գործոնները չեն։ Էական դեր ունեն նաև ժառանգական նախատրամադրվածությունն ու նյութափոխանակության անհատական առանձնահատկությունները։
«Հոդատապի նոպան սովորաբար սկսվում է հանկարծակի, հաճախ՝ գիշերը։ Ախտահարված հոդը կարմրում է, այտուցվում և դառնում այնքան ցավոտ, որ նույնիսկ թեթև հպումը կարող է ուժեղ անհարմարություն պատճառել։ Ամենից հաճախ հիվանդությունն առաջին անգամ դրսևորվում է ոտքի բութ մատի շրջանում։ Սակայն ժամանակի ընթացքում բորբոքումը կարող է ընդգրկել նաև սրունքաթաթային և ծնկային հոդերը, դաստակներն ու արմունկները», — բացատրել է մասնագետը։
Բժիշկը հավելել է, որ անհատական ռիսկը գնահատելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն սննդակարգը, այլև ժառանգականությունն ու նյութափոխանակության վիճակը։










