Ճարպակալման ախտորոշումը պետք է դուրս բերել միայն մարմնի զանգվածի ցուցիչի վրա հիմնված միասնական սահմանման շրջանակներից, հայտարարել են հետազոտողները՝ Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում 844 հազար 108 չափահասի առողջական տվյալները վերլուծելուց հետո։
Nature ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ ճարպակալման ախտորոշման գործող մեթոդները կարող են չտարբերակել այն մարդկանց, որոնք արդեն ունեն ճարպային հյուսվածքի ավելցուկով պայմանավորված առողջական խնդիրներ, նրանցից, որոնց մոտ միայն բարձր են ռիսկերը, բայց օրգանների գործառույթի խանգարման նշաններ դեռ չկան։
«Ճարպակալում ունեցող մարդիկ, ինչպես բոլորը, արժանի են իրենց կարիքներին համապատասխան օգնության՝ ո՛չ պակաս, ո՛չ ավելի»,- մամուլի հաղորդագրության մեջ ասել է հետազոտության ավագ հեղինակ, Լոնդոնի թագավորական քոլեջի նյութափոխանակային և բարիատրիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրանչեսկո Ռուբինոն։
Ներկայում ճարպակալումը սովորաբար դասակարգվում է ըստ մարմնի զանգվածի ցուցչի՝ մարդու հասակի և քաշի հիման վրա հաշվարկվող ցուցանիշի։ Սակայն մարմնի զանգվածի ցուցիչը հաշվի չի առնում, թե մարդն իրականում որքան ճարպային հյուսվածք ունի, ինչպես է այն բաշխված օրգանիզմում և արդյոք արդեն ազդում է նրա առողջության վրա։
2025 թվականի հունվարին հանձնաժողովը, որի նյութերը հրապարակվել էին The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում, առաջարկեց ճարպակալման ախտորոշման նոր մոտեցում, որը չի սահմանափակվում միայն մարմնի զանգվածի ցուցիչով։ Այն առաջարկում է տարբերակել երկու վիճակ՝ կլինիկական ճարպակալում, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկը խանգարում է օրգանների աշխատանքին կամ առօրյա գործունեությանը, և նախակլինիկական ճարպակալում, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկը բարձրացնում է առողջական ռիսկերը, սակայն օրգանիզմի բնականոն գործունեությունը պահպանվում է։
Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները և համահեղինակների միջազգային խումբը ցանկացել են ստուգել՝ արդյոք առաջարկված մոտեցումն ապահովում է ճարպակալման ավելի ճշգրիտ հայտնաբերում և առողջական հետագա ելքերի կանխատեսում։
Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված չորս խմբում միայն մարմնի զանգվածի ցուցիչի կիրառումը հանգեցրել է ճարպակալման տարածվածության թե՛ գերագնահատման, թե՛ թերագնահատման։ մարմնի զանգվածի ցուցիչով գնահատմանը գոտկատեղի շրջագծի և գոտկատեղի շրջագծի ու հասակի հարաբերակցության ավելացումը նվազեցրել է դասակարգման սխալների թիվը․ միայն մարմնի զանգվածի ցուցիչի հիման վրա ճարպային հյուսվածքի քանակով պայմանավորված ճարպակալումը չէր հայտնաբերվում մասնակիցների մինչև 8,6%-ի մոտ, իսկ մինչև 3,1%-ի մոտ այն սխալմամբ էր ախտորոշվում, հաղորդում է Euronews-ը։ Հետազոտողները նաև պարզել են, որ կլինիկական ճարպակալմանը բաժին էր ընկնում ճարպակալման բոլոր դեպքերի 23%-ից 31%-ը, իսկ ընդհանուր բնակչության շրջանում դրա տարածվածությունը կազմում էր 5,6%-ից 10,9%։
Կարևոր է, որ այս երկու կատեգորիան կապված էր առողջական զգալիորեն տարբեր ելքերի հետ։ Կլինիկական ճարպակալումն ուղեկցվում էր մահվան էապես ավելի բարձր ռիսկով, մինչդեռ նախակլինիկական ճարպակալման դեպքում ռիսկի աճը չափավոր էր։
Հետազոտության սկզբում նախակլինիկական ճարպակալման կատեգորիային դասված մարդկանց մեծամասնությունը՝ տարբեր խմբերում 77%-ից 91%-ը, տասը տարվա ընթացքում այդպես էլ չի անցել կլինիկական ճարպակալման կատեգորիային։
«Միայն մարմնի զանգվածի ցուցիչը թույլ չի տալիս հասկանալ՝ մարդն արդեն հիվանդ է, թե միայն հիվանդանալու ռիսկ ունի, և ինչ օգնություն է նրան անհրաժեշտ, ինչի պատճառով մարդիկ խոցելի են մնում թե՛ անբավարար, թե՛ չափից ավելի բուժման նկատմամբ», - նշել է Ռուբինոն։
«Այսպիսով, նախակլինիկական ճարպակալումը չպետք է ինքնաբերաբար դիտարկել որպես ակտիվ հիվանդություն, բայց այն անվնաս համարել նույնպես չի կարելի։ Որոշ մարդկանց կարող է կանխարգելիչ բուժում անհրաժեշտ լինել, սակայն դրա ինտենսիվությունը պետք է համապատասխանի նրանց անհատական ռիսկին», - հավելել է նա։
Ըստ հեղինակների՝ նման տարանջատումը բուժաշխատողներին կարող է օգնել ավելի ճշգրիտ որոշելու, թե ում է անհրաժեշտ արդեն առկա հիվանդության բուժում, և ում համար ավելի նպատակահարմար կլինեն կանխարգելիչ միջամտությունները՝ բարձր մարմնի զանգվածի ցուցիչ ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ նույն մոտեցումը կիրառելու փոխարեն։










