Սննդակարգի կալորիականության սահմանափակումը դեռևս երկարակեցություն չի երաշխավորում, մինչդեռ սննդի որակը կարող է կյանքի տևողության վրա ազդել ոչ պակաս, քան ստացված կալորիաների քանակը։ Այս եզրահանգմանն են եկել Շանհայի Ցզյաոտուն համալսարանի գիտնականները՝ վերլուծելով մարդկանց շրջանում անցկացված ավելի քան 30 խոշոր հետազոտություն, ինչպես նաև կենդանիների վրա կատարված փորձարկումներ։ Ուսումնասիրությունը հրապարակվել է The Innovation Nutrition ամսագրում։
Հեղինակներն առանձնացրել են սնուցման հինգ կարևոր բաղադրիչ՝ ածխաջրերի տեսակը, սպիտակուցների աղբյուրները, առանձին ամինաթթուները, ճարպերի տեսակներն ու բջջանյութի քանակը։ Հետազոտությունների համաձայն՝ բուսական մթերքներով, ձկնեղենով, ընկուզեղենով և բջջանյութով հարուստ սննդակարգը կապված է եղել մահացության ավելի ցածր ռիսկի հետ։ Իսկ գերմշակված մթերքների մեծաքանակ օգտագործումը կապված է եղել մահացության ավելի բարձր ռիսկի հետ։
Օրինակ՝ ավելի քան 3,5 միլիոն մարդու մասնակցությամբ 64 հետազոտության վերլուծությունը ցույց է տվել, որ մեծ քանակությամբ բջջանյութ օգտագործողների շրջանում մահացության ռիսկը 23%-ով ավելի ցածր է եղել՝ այն քիչ օգտագործողների համեմատ։ Բուսական մթերքների գերակշռությամբ սննդակարգը, այդ թվում՝ միջերկրածովյան սննդակարգը, կապված է եղել մահացության ռիսկի 10–25%-ով ցածր ցուցանիշի հետ։
Գիտնականներն այս կապը բացատրում են նրանով, որ սննդանյութերն ազդում են բջջային այն համակարգերի վրա, որոնք կարգավորում են աճի, վերականգնման և վնասված բաղադրիչների հեռացման գործընթացները։ Ըստ նրանց վարկածի՝ սննդակարգի որոշակի բաղադրությունը կարող է ակտիվացնել կալորիաների սահմանափակման ժամանակ գործարկվող գործընթացներին նման մեխանիզմներ։
«Միևնույն ժամանակ, երկարակեցության համար համընդհանուր սննդակարգ, ամենայն հավանականությամբ, գոյություն չունի։ Սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի օպտիմալ հարաբերակցությունը կարող է փոխվել տարիքի հետ և կախված լինել սեռից, գենետիկ առանձնահատկություններից ու աղիքային միկրոֆլորայից»,– նշում են մասնագետները։
Օրինակ՝ հեղինակներն առաջարկում են միջին տարիքում ավելացնել բուսական սպիտակուցի մասնաբաժինը, իսկ 65 տարեկանից հետո՝ մկանային զանգվածը պահպանելու համար մեծացնել սպիտակուցի ընդհանուր սպառումը։ Սակայն այս վերլուծությունը չի ապացուցում, որ սննդակարգի փոփոխությունն ինքնին երկարացնում է կյանքը։ Տվյալների զգալի մասը ստացվել է կենդանիների վրա կատարված փորձարկումներից, իսկ մարդկանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս առավելապես վիճակագրական կապեր, ոչ թե պատճառահետևանքային առնչություններ։










