Ժողովրդի մոտ ընդունված մտածելակերպ կա, որ 37.2 ջերմությունը թոքաբորբ է նշանակու, դա այդպես չէ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, «Արմենպրեսի» սրահում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը
«37.2–ը չի նշանակում թոքաբորբ, 37,2–ը հավասար չի թոքաբորբի։ Ջերմաչափը վերցնում են, տեսնում են 37.2, ու ասում են՝ վսյո, ես ունեմ թոքաբորբ։ Նման մոտեցում չկա և ավաղ դեռ շարունակվում են նաև յոդով վանդակների կիրառումը, կարագով, քացախով նասկիների կիրառումը, և այս ամենն, իրոք կարող է բերել հենց այդ ուշացած դեպքերի առաջացմանը։ Այսինքն տանը իրենք գիտեն, որ թոքաբորբ է, հանգիստ են, ժողովրդական մեթոդներով իրենց բուժումները իրականացնում են, այնինչ դա չի տալիս արդյունավետություն և վտանգում է իրենց հարազատի կյանքը։
Այսօր Հայաստանում մենք կարող ենք միգուցե գլուխ գովալ, որ ավելի քան հասանելի է առողջապահությունը։ Ճիշտ է, մեր քաղաքացիները անընդհատ դեռ ակտիվորեն բողոքում են, որ իրենք ստիպված են մեկ-երկու օր սպասել բժշկի դիմելիս, կամ մի ժամ հերթի մեջ սպասել, բայց նման հասանելիություն եզակի երկրներում կարող է լինել՝ մանավանդ հաշվի առնելով որակը։ Որակ և հասանելիություն առումով մենք երևի թե աշխարհում միգուցե առաջատար տեղերում լինենք, որ երբ ուզում են՝ կարող են մոտենալ։
Առավել ևս երեխաների դեպքում, միշտ պետք է գոնե մի հատ զանգել, խոսել մասնագետի հետ։ Այսօր զարգացել է գիտությունը, մասնագետները շատ ավելի հմուտ են դարձել հեռավար խորհրդատվություն տալու, իրավիճակը գնահատելու հարցում»,–ասաց նա։
Օհանյանը նկատեց, որ ոչ մեկը չի պահանջում, որ պացիենտը ինքնուրույն կարողանա ախտորոշում դնել, բայց, օրինակ, տարրական վիրուսային վարակից հետո, եթե ինքնազգացողության վատթարացում են ունենում, միանշանակ պետք է դիմել բժշկի. «Եթե վիրուսային վարակը աստիճանաբար նահանջում է, այսինքն անձի ինքնազգացողությունն է բարելավվում, աշխատունակությունն է ավելի բարձրանում, դյուրհոգնելիությունն է անցել, ջերմություն այլևս չունի, այս դեպքում արդեն անհանգստանալու կարիք չկա։ Սրանք պարզ կանոններ են, որոնք ևս պետք է հանրությանը ներկայացնենք։ Եվ, իհարկե, բուժաշխատողների մասով դա անընդհատ պրոցես է, հաճելի գործերից մեկն է անընդհատ կրթվելը, ինչը մենք հաճույքով անում ենք և կիսում ենք ինֆորմացիան մեր գործընկերների հետ»։










