Եվրոպայում տարածվող՝ դեղամիջոցների նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae գերբակտերիայով վարակվելու առավել մեծ վտանգի տակ են այն մարդիկ, որոնք արդեն ունեն որևէ հիվանդություն և գտնվում են բժշկական հաստատություններում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնն ավելի վաղ հայտնել էր այս վտանգավոր գերբակտերիայի մասին, որն ավելի ու ավելի լայն տարածում է ստանում Եվրոպայում։

«Այս կայուն շտամները տարածվում են հիմնականում հիվանդանոցներում և այլ բժշկական հաստատություններում՝ այն պացիենտների շրջանում, որոնք արդեն տառապում են որևէ հիվանդությամբ», — գործակալությանը հայտնել են կազմակերպությունում։

ԱՀԿ-ում նշել են, որ Klebsiella pneumoniae բակտերիան ինքնին նոր միկրոօրգանիզմ չէ։

«Այն հաճախ ներհիվանդանոցային վարակների պատճառ է դառնում։ Խնդիրն այն է, որ նման բակտերիաներից ավելի ու ավելի շատերն են դադարում արձագանքել բուժմանը», — նշել են ԱՀԿ-ում։

Երկուշաբթի կազմակերպությունում հայտարարել են, որ մտահոգված են Եվրամիությունում դեղամիջոցների նկատմամբ կայուն գերբակտերիայով վարակման դեպքերի թվի աճով։ ԱՀԿ-ում ԵՄ և Եվրոպական տնտեսական տարածքի երկրներում դրա հետագա տարածման հավանականությունը գնահատել են բարձր։