Ցինցինատիի համալսարանի բժշկական քոլեջի հետազոտողները հայտնաբերել են նախկինում անհայտ մեխանիզմ, որով մկաններն արյունից գլյուկոզա են յուրացնում առանց ինսուլինի։ Բացահայտումը կարող է օգնել մշակել շաքարախտի, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և ինսուլինային դիմադրության բուժման նոր մեթոդներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology ամսագրում։
Կմախքային մկանները կազմում են մարդու մարմնի զանգվածի մոտ 40%-ը և կարևոր դեր են խաղում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման հարցում։ Ուտելուց հետո ինսուլինը խթանում է մկաններում օրգանիզմ մուտք գործած գլյուկոզայի զգալի մասի՝ մինչև 90%-ի յուրացումն ու պաշարումը։ Այս գործընթացին մասնակցում է GLUT4 փոխադրիչ սպիտակուցը։
Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սթրեսի ժամանակ ինսուլինի մակարդակը նվազում է։ Սակայն աշխատող մկանները շարունակում են ակտիվորեն յուրացնել գլյուկոզան՝ կծկումների համար անհրաժեշտ էներգիան ստանալու նպատակով։ Հետազոտողները փորձել են պարզել, թե ինչ լրացուցիչ մեխանիզմ է դա ապահովում առանց ինսուլինի։
Ցինցինատիի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ջուդիթ Հեյնիի ղեկավարած թիմը հայտնաբերել է գլյուկոզայի յուրացման նոր ուղի և այն անվանել mSGLT։ Այն գործում է կմախքային մկաններում առկա գլյուկոզայի փոխադրիչի միջոցով և որոշ հատկություններով նման է SGLT2 սպիտակուցին, որն ապահովում է երիկամներում գլյուկոզայի հետներծծումը։
Շաքարախտի դեմ լայնորեն կիրառվող մի շարք դեղամիջոցներ արգելակում են SGLT2-ի աշխատանքը։ Դրանցից է էմպագլիֆլոզինը, որը հայտնի է Jardiance ապրանքային անվամբ։
Գիտնականները մշակել են մեթոդ՝ չափելու, թե մկանային հյուսվածքն ինչպես է գլյուկոզա յուրացնում առանց ինսուլինի։ Նրանք օգտագործել են գլյուկոզայի ածանցյալներ, որոնք տեղափոխում են SGLT ընտանիքի սպիտակուցները, բայց ոչ GLUT4-ը։ Հետազոտողները ուսումնասիրել են կենդանիներից առանձնացված մկանները և էլեկտրական խթանմամբ առաջացրել դրանց կծկումները։
Փորձերը ցույց են տվել, որ կծկվելիս մկանները կարող են զգալի քանակությամբ գլյուկոզա յուրացնել GLUT4 ուղուց տարբերվող մեխանիզմով։
«Մկաններում գլյուկոզայի յուրացումը խթանող բուժումը կարող է նույնքան կարևոր լինել, որքան SGLT2-ի արգելակիչները։ Դրանք նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը՝ ավելցուկը մեզի միջոցով դուրս բերելով», — նշել է հետազոտության առաջին հեղինակ Նատալի Նորմանը, որն այժմ աշխատում է Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտում։
Հետազոտողները Մաունթ Սինայի Այկանի բժշկական դպրոցի գործընկերների հետ մշակել են նաև գլյուկոզայի յուրացումը չափելու նոր մեթոդ։ Այն հիմնված է ինդուկտիվորեն կապված պլազմայով զանգվածային սպեկտրաչափության վրա։
Հաջորդ փուլում գիտնականները կփորձեն հայտնաբերել mSGLT մեխանիզմի աշխատանքն ապահովող կոնկրետ գենն ու սպիտակուցը։ Այնուհետև կպարզեն՝ արդյոք դեղամիջոցներով հնարավոր է ազդել այդ մեխանիզմի վրա և բարելավել արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը։
Հեղինակներն ընդգծում են՝ առայժմ խոսքը բուժման հնարավոր թիրախի, ոչ թե պատրաստի մեթոդի մասին է։ Դեռ պետք է ուսումնասիրել, թե այս մոտեցումը որքանով է արդյունավետ և անվտանգ շաքարախտով մարդկանց համար։










