Օջախային սկլերոդերմիայով կամ մորֆեայով տառապող մարդիկ ավելի հաճախ են բախվում ուռուցքային հիվանդությունների, քան բնակչությունն ընդհանուր առմամբ։ Սա մաշկի հազվադեպ աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է սեփական հյուսվածքների վրա՝ կոլագենի ավելորդ կուտակման պատճառով առաջացնելով կոշտացումներ։ Այս եզրակացությանն են հանգել Կանադայի Մաքգիլի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Dermatology ամսագրում։

Գիտնականները վերլուծել են մորֆեա ունեցող 6181 պացիենտի և համակարգային սկլերոդերմիա ունեցող 8133 մարդու բժշկական տվյալները։ Տեղեկություններն ընդգրկել են 1996-2019 թվականներն ընկած ժամանակահատվածը, իսկ պացիենտների նկատմամբ հսկողությունը շարունակվել է մինչև 2020 թվականը։

Հետազոտության ընթացքում քաղցկեղ է առաջացել օջախային սկլերոդերմիա ունեցող պացիենտների 12,65 տոկոսի և հիվանդության համակարգային ձևն ունեցող մարդկանց 13,57 տոկոսի մոտ։ Ընդ որում, առաջին խմբում ուռուցքային հիվանդությունների հաճախականությունը 24 տոկոսով բարձր է եղել նույն տարիքի և սեռի բնակչության համար ակնկալվող ցուցանիշից, իսկ երկրորդում՝ 37 տոկոսով։

Մորֆեա ունեցող պացիենտների մոտ ավելի հաճախ են հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ և կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքներ։ Համակարգային սկլերոդերմիայի դեպքում առավել տարածված է եղել թոքերի քաղցկեղը։ Ռիսկի հարաբերական աճը հատկապես նկատելի է եղել երիտասարդ պացիենտների շրջանում։

Հեղինակները նշել են, որ օջախային սկլերոդերմիան ավանդաբար դիտարկվել է հիմնականում որպես մաշկային հիվանդություն, ուստի քաղցկեղի հետ դրա հնարավոր կապը բավարար չափով չի ուսումնասիրվել։ Միաժամանակ, հետազոտությունը բացահայտել է վիճակագրական կապ, սակայն չի ապացուցում, որ մորֆեան անմիջականորեն ուռուցքներ է առաջացնում։ Իմունաճնշիչ դեղամիջոցների կիրառումը երկու խմբերում էլ կապված է եղել քաղցկեղի ավելի ցածր հաճախականության հետ, սակայն այս օրինաչափության պատճառները դեռևս պարզ չեն։