Թոքերի տարածված, ոչ մանրաբջջային քաղցկեղ ունեցող պացիենտներն ավելի երկար են ապրում, եթե մինչև բուժման մեկնարկն անցնում են ուռուցքի համալիր գենոմային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել գենետիկական փոփոխությունների լայն շրջանակ։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները՝ վերլուծելով ԱՄՆ-ում ավելի քան 35 հազար պացիենտի տվյալները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the National Comprehensive Cancer Network ամսագրի 2026 թվականի նոյեմբերյան համարում։ Գիտնականներն ուսումնասիրել են այն պացիենտների տվյալները, որոնք 2016–2022 թվականներին բուժում են ստացել ԱՄՆ պետական և մասնավոր ուռուցքաբանական կենտրոններում։

Համալիր գենոմային հետազոտությունը թույլ է տալիս միաժամանակ ստուգել ուռուցքի տասնյակ և նույնիսկ հարյուրավոր գեներ։ Ի տարբերություն դրա՝ սահմանափակ մոլեկուլային-գենետիկական թեստավորումն ընդգրկում է ընդամենը մեկ կամ երկու կենսամարկեր, որոնք կարող են վկայել որոշակի դեղամիջոցների հնարավոր արդյունավետության մասին։

Վերլուծության արդյունքների համաձայն՝ այն պացիենտները, որոնք համալիր հետազոտություն են անցել մինչև առաջին գծի թերապիայի մեկնարկը, միջինը երկու ամսով ավելի երկար են ապրել։ Նրանց մոտ նաև նկատվել է գոյատևման ցուցանիշների ոչ մեծ բարելավում՝ առանց հիվանդության խորացման ։

Հնարավոր բացատրություններից մեկը թիրախային թերապիայի ավելի հաճախակի նշանակումն է եղել. այս բուժումն ուղղված է ուռուցքային բջիջների որոշակի մոլեկուլային թիրախների դեմ։ Համալիր գենոմային հետազոտություն անցած պացիենտների 19 տոկոսը ստացել է նման դեղամիջոցներ, մինչդեռ սահմանափակ թեստավորման խմբում՝ 16 տոկոսը։

«Մեր արդյունքները և նախորդ հետազոտությունները վկայում են, որ համալիր գենոմային թեստավորումը պետք է դառնա չափորոշիչ թոքերի տարածված քաղցկեղ ունեցող պացիենտների համար և իդեալական դեպքում իրականացվի մինչև առաջին գծի թերապիայի մեկնարկը», — նշել է հետազոտության համահեղինակ Ռավի Բ. Փարիխը՝ Էմորիի համալսարանի բժշկական դպրոցից և Ուինշիփ ուռուցքաբանական կենտրոնից։

Բուժումն ընտրելիս բժիշկները կարող են հաշվի առնել այնպիսի կենսամարկերներ, ինչպիսին են EGFR-ը, ALK-ը, ROS1-ը, KRAS G12C-ը, MET-ը, RET-ը և BRAF-ը։ Համապատասխան գենետիկական փոփոխությունների հայտնաբերումն օգնում է պարզել՝ արդյոք պացիենտը կարող է օգուտ ստանալ կոնկրետ թիրախային դեղամիջոցներից, որոնք ազդում են ուռուցքի աճի մեխանիզմների վրա և որոշ դեպքերում ավելի լավ են տարվում, քան բուժման այլ տեսակները։

ԱՄՆ Ազգային համապարփակ ուռուցքաբանական ցանցի (NCCN) առաջարկություններն արդեն իսկ նախատեսում են համալիր գենոմային թեստավորում թոքերի տարածված և մետաստատիկ ոչ մանրաբջջային քաղցկեղի դեպքում։