Եվրոպական հիվանդանոցներում աճում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae բակտերիայով վարակվելու դեպքերի թիվը։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) զեկույցը։

«Դեղորայքի նկատմամբ կայուն վտանգավոր սուպերբակտերիան եվրոպական հիվանդանոցներում նոր թափ է հավաքում՝ տարածվելով պացիենտների շրջանում և գնալով ավելի դժվար բուժվում», — նշված է թերթի հրապարակման մեջ։

ECDC-ի զեկույցի համաձայն՝ 2019-ից 2025 թվականներին բուժման նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae-ով պայմանավորված արյան վարակման դեպքերի թիվն աճել է 72 տոկոսով։ Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Եվրամիության սահմանած թիրախային շեմը, որով նախատեսվում է մինչև 2030 թվականը նմանատիպ վարակների քանակը կրճատել 5 տոկոսով։

Գործակալությունում նշել են, որ բակտերիայի առանձին շտամներ կայունություն են ձեռք բերում գրեթե բոլոր հասանելի հակաբիոտիկների, այդ թվում՝ նոր սերնդի դեղամիջոցների նկատմամբ։ Սա բարդացնում է պացիենտների բուժման ընթացքն ու մեծացնում ծանր բարդությունների առաջացման ռիսկը։ Վարակն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում ստացիոնար բուժում ստացող մարդկանց համար, քանի որ բակտերիան կարող է փոխանցվել հիվանդից հիվանդի։

ECDC-ի ներկայացուցիչ Քրիստիան Գիսկեն բուժման չենթարկվող Klebsiella pneumoniae-ի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է վերջին մեկ տարում Եվրոպայում սուպերբակտերիաների տարածման վերաբերյալ տվյալների գլխավոր մտահոգությունը։ Նրա խոսքով՝ վարակի տարածումը զսպելու համար բուժհաստատությունները պետք է խստացնեն կանխարգելիչ միջոցառումները՝ ներառյալ ձեռքերի հիգիենայի պահպանումը, անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումն ու տարածքների պարբերական ախտահանումը։

Միևնույն ժամանակ մասնագետներն ուշադրություն են հրավիրել հակաբիոտիկների նկատմամբ կայուն այլ բակտերիաների տարածման ցուցանիշների տարբերության վրա։ Մասնավորապես, MRSA-ով պայմանավորված արյան վարակների թիվը 2025 թվականին 19 տոկոսով ավելի ցածր է եղել, քան 2019-ին։ Այս արդյունքը թույլ է տվել գերակատարել մինչև 2030 թվականը նման դեպքերը 15 տոկոսով կրճատելու ԵՄ նպատակային ցուցանիշը։ Մինչդեռ դեղորայքի նկատմամբ կայուն E.coli աղիքային ցուպիկով հարուցված վարակների քանակը նույն ժամանակահատվածում ավելացել է 16,4 տոկոսով։

Գործակալության տնօրեն Պամելա Ռենդի-Վագներն ընդգծել է, որ կայուն բակտերիաների տարածման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կատարելագործել գենոմային վերահսկողությունը։ Դա թույլ է տալիս ավելի արագ հետևել վարակների փոխանցման ուղիներին, ժամանակին հայտնաբերել սպառնալիքներն ու ընտրել բուժման ամենաարդյունավետ մեթոդները։