Քաղցկեղի հետազոտություններում CDK12 և CDK13 պրոտեինկինազները ուշադրություն են գրավում որպես թերապիայի խոստումնալից թիրախներ։ Այդ ֆերմենտները կարգավորում են գեների տրանսկրիպցիան ֆոսֆորիլացման միջոցով՝ ֆոսֆատային խումբը փոխանցելով ԴՆԹ-ն տրանսկրիբացնող ՌՆԹ պոլիմերազ II սպիտակուցային համալիրին։ CDK12-ի և CDK13-ի արգելակումը խաթարում է հատկապես երկար գեների տրանսկրիպցիան՝ հանգեցնելով ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնման խանգարումների և, որպես հետևանք, քաղցկեղային բջիջների բազմացման ճնշման։
Չնայած թերապևտիկ ներուժին՝ այդ պրոտեինկինազներին ուղղված՝ բերանով ընդունվող արգելակիչների մշակումը դանդաղ էր ընթանում։ Դա Կիոտոյի համալսարանի և Chordia Therapeutics Inc. ընկերության հետազոտողների խմբին դրդեց մշակել նման դեղամիջոց և ստուգել դրա արդյունավետությունն ու ազդեցության մեխանիզմները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են EMBO Molecular Medicine հանդեսում։
Սկզբում հետազոտողները ստեղծել են CDK12/CDK13-ի՝ CTX-439 անվանումով արգելակիչ, որն այնուհետև փորձարկել են քաղցկեղային բջիջների տարբեր գծերի և մկների կրծքագեղձի քաղցկեղի մոդելների վրա։ Այնուհետև թիմը CRISPR տեխնոլոգիայի միջոցով գենետիկական սքրինինգ է իրականացրել և հայտնաբերել CTX-439-ի նկատմամբ կայունությանն առնչվող երկու կարևոր գործոն՝ BCL-2 և BCL-xL սպիտակուցները։ Դրանք հակաապոպտոտիկ են՝ ճնշում են ապոպտոզը կամ բջիջների մահը՝ այդպիսով նպաստելով քաղցկեղային բջիջների բազմացմանը։
Հետազոտողները շատ ավելի տարօրինակ ազդեցություն են նկատել հակաապոպտոտիկ MCL1 սպիտակուցի առնչությամբ։ CTX-439 դեղամիջոցով բուժումը հանգեցրել է սփլայսինգի խանգարումների և տրանսկրիպցիայի շարունակման՝ ավարտման բնականոն տեղամասից դուրս։ Դա հանգեցրել է միջուկում MCL1-ի տրանսկրիպցիայի ուժեղացմանը և ցիտոպլազմայում դրա թուլացմանը, ինչը վկայում է ցիտոպլազմա հասնող հասուն մՌՆԹ-ի պակասի մասին, գրում է «Научная Россия»-ն։ Ի վերջո, դա հանգեցրել է MCL1-ի էքսպրեսիայի արագ նվազման, ինչն ուժեղացրել է քաղցկեղային բջիջների գոյատևման կախվածությունը BCL-2-ից և BCL-xL-ից։
«Հատկապես հետաքրքիր է, որ մենք կարողացանք լուծել այդ ակնհայտ հակասությունը՝ առանձին վերլուծելով միջուկային և ցիտոպլազմային ՌՆԹ-ն»,- ասում է հետազոտության հեղինակ Կոսուկե Յուսան։
ՌՆԹ-ի հաջորդականացման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ CTX-439-ը խոչընդոտում է երկար գեներում տրանսկրիպցիայի էլոնգացիային՝ միաժամանակ նպաստելով կարճ գեներում, ինչպիսին է MCL1-ը, տրանսկրիպցիայի շարունակմանը ավարտման տեղամասից դուրս՝ արդյունավետորեն ազդելով երկու տեսակի գեների վրա էլ։ Վերջում թիմը փորձարկել է CTX-439-ը՝ BCL-2/BCL-xL-ի արգելակիչի հետ համակցված։ Այդ համակցությունը զգալիորեն ուժեղացրել է ապոպտոզը՝ յուրաքանչյուր արգելակիչի առանձին կիրառման համեմատ, և արդյունավետ հակաուռուցքային ակտիվություն է ցուցաբերել ինչպես in vitro, այնպես էլ in vivo պայմաններում։
«Այդ բարձր ընտրողականությամբ և հաբերով ընդունման համար հասանելի արգելակիչի մշակումը մեզ մեկ քայլով մոտեցրել է քաղցկեղի բուժման նոր եղանակին»,- ասում է Chordia Therapeutics Inc. ընկերության առաջատար գիտաշխատող Հիրոկո Յամակավան։ «CTX-439-ի արդյունավետության վրա ազդող գործոնների բացահայտումը կարող է հանգեցնել ավելի բարձր հակաուռուցքային ակտիվությամբ համակցված բուժման մեթոդների մշակմանը»։
Թիմը նախատեսում է շարունակել նախակլինիկական հետազոտությունները՝ ուսումնասիրելու CTX-439-ի ազդեցության հիմքում ընկած մեխանիզմները և գնահատելու այս հետազոտության մեջ կիրառված համակցված թերապիան։










