Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դժվար է հայտնաբերել վաղ փուլում. հիվանդությունը հաճախ զարգանում է առանց արտահայտված ախտանիշների, իսկ առաջին նկատելի փոփոխությունները կարող են ի հայտ գալ արդեն ուռուցքի տարածման փուլում։ Առողջությունը ստուգելու առիթներից են կղանքի գունատվելը, մեզի մգանալն ու որովայնի ցավերը։ Այս մասին հայտնել է Mirror պարբերականը՝ հղում անելով Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի գիտնականների խորհուրդներին։

Հիվանդության բնորոշ նշաններից մեկը կարող է լինել դեղնուկը՝ մաշկի և աչքերի սպիտակուցաթաղանթի դեղնելը։ Այն առաջանում է, երբ ուռուցքը խոչընդոտում է լեղու բնականոն արտահոսքին։ Նույն այս խանգարմամբ են պայմանավորված նաև երկու այլ ախտանիշներ. կղանքն անսովոր բաց գույն է ստանում, իսկ մեզը՝ մուգ երանգ։

«Մեկ այլ մտահոգիչ ազդանշան է որովայնի վերին կամ միջին հատվածի ցավը, որը կարող է տարածվել դեպի մեջք։ Բացի այդ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում հնարավոր են քաշի անբացատրելի կորուստ, մշտական հոգնածություն և ախորժակի անկում», — հստակեցրել են բժիշկները։

Միևնույն ժամանակ, թվարկված ախտանիշները պարտադիր չէ, որ քաղցկեղի մասին վկայեն. դրանք կարող են ուղեկցել նաև այլ հիվանդությունների։ Այդուհանդերձ, դրանց ի հայտ գալու դեպքում կարևոր է դիմել բժշկի և հետազոտվել։

«Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումը բարդ է և հաճախ ուշ է կատարվում։ Այս ախտորոշմամբ բուժառուների մոտ մեկ քառորդը հիվանդության հայտնաբերումից հետո ապրում է առնվազն մեկ տարի, իսկ հնգամյա ապրելիությունը գերազանցում է 5%-ը», — նախազգուշացրել են մասնագետները։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը տարիքի հետ մեծանում է։ Հիվանդությանը նպաստող գործոնների թվում մասնագետները նշում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Մեծ քանակությամբ կարմիր մսի օգտագործումը ևս վտանգ է ներկայացնում. բարձր ջերմաստիճանում տապակելը, ապխտելը և պահածոյացնող նյութերի (նիտրիտների ու նիտրատների) ավելացումը նպաստում են N-նիտրոզոմիացությունների և հետերոցիկլիկ ամինների առաջացմանը, քանի որ դրանք կարող են վնասել բջիջների ԴՆԹ-ն։