ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի բնակչուհի Մոլի Ֆալկոն մի ամբողջ տարի ապրել է գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամով։ Սա նման փոխպատվաստված օրգանով բուժառուի ապրելու հայտնի ամենաերկար դեպքն է, հայտնում է The New York Times-ը։
58-ամյա կնոջը երիկամը փոխպատվաստել են Բոստոնի Mass General Brigham հիվանդանոցում։ Ըստ բժիշկների՝ օրգանը մաքրում է արյունը նյութափոխանակության արգասիքներից, մեզ է արտադրում և պահպանում օրգանիզմում հեղուկի ու հանքային նյութերի հավասարակշռությունը։
«Դա մեզ վստահություն է ներշնչում, որ նման մոտեցումն իրագործելի է. երիկամներն իսկապես կարող են աշխատել»,- պարբերականին ասել է հիվանդանոցում երիկամների փոխպատվաստման հետազոտությունների ղեկավար Լեոնարդո Ռիելլան, որը հետևում է Ֆալկոյի վիճակին։ Սակայն, հավելել է նա, լիակատար հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։
Ֆալկոն ծնվել է մի հիվանդությամբ, որը վնասել է նրա երիկամները։ Մինչև փոխպատվաստումը նա 11 ամիս երիկամային անբավարարության դեպքում արյան մաքրման միջամտություն՝ դիալիզ է անցել։ Վիրահատությունից կարճ ժամանակ անց բարդություններ են առաջացել, սակայն փետրվարից ի վեր կինն այլևս հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Բժիշկը հույս ունի, որ փոխպատվաստված երիկամը կաշխատի առնվազն ևս մեկ տարի։
«Ամեն օր զարմանում եմ, որ այն դեռ գործում է։ Կփորձեմ այն պահպանել հնարավորինս երկար, իսկ եթե դա ընդմիշտ լինի՝ պարզապես անհավատալի կլինի»,- ասել է Ֆալկոն։ Նա նոր օրգանն անվանել է Լիլի՝ ի պատիվ այն ծաղիկների, որոնք հարազատները նրան ուղարկել էին վիրահատությունից հետո։
Կնոջ կյանքն այժմ «գրեթե բնականոն է»։ Նա դեռ արագ է հոգնում և տառապում հևոցից, հանրային վայրերում դիմակ է դնում՝ վարակների վտանգը նվազեցնելու համար, իսկ դեղերը նրա մոտ թեթև դող են առաջացնում։ Միևնույն ժամանակ Ֆալկոն կրկին ընտանիքի համար ճաշ է պատրաստում, հանդիպում է ընկերներին և ավտոմեքենա է վարում. այս ամենը նա չէր կարողանում անել դիալիզի ընթացքում։ Բժիշկները նրան նաև թույլ են տվել Սուրբ Ծննդին մեկնել Կոլորադո։
Գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի օրգանների փոխպատվաստումը դեռ փորձարարական փուլում է, սակայն հետազոտողները հույս ունեն, որ ապագայում այն կօգնի հաղթահարել դոնորական երիկամների պակասը։ ԱՄՆ-ում երիկամային անբավարարություն ունեցող ավելի քան 500 հազար մարդ դիալիզի կարիք ունի, շուրջ 90 հազարը սպասում է երիկամի փոխպատվաստման։ Մինչդեռ անցյալ տարի կատարվել է նման 26 հազարից պակաս վիրահատություն։ Ըստ The New York Times-ի տվյալների՝ օրական միջինը 12 մարդ է մահանում՝ այդպես էլ չստանալով համապատասխան օրգան։
Հունվարին կմեկնարկի eGenesis կենսատեխնոլոգիական ընկերության մշակած խոզերի երիկամների պաշտոնական կլինիկական հետազոտությունը։ Դրան կմասնակցի 33 բուժառու՝ ԱՄՆ տասը բժշկական կենտրոններից։ United Therapeutics ընկերությունը նույնպես խոզերի երիկամների փորձարկումներ է անցկացնում և թույլտվություն է ստացել սրտային անբավարարությունից տառապողներին խոզերի սրտերի փոխպատվաստման փոքրածավալ հետազոտություն անցկացնելու համար։
Արևմտյան Օնտարիոյի համալսարանի կենսաէթիկայի կենտրոնի կանադացի հետազոտող Ադամ Նեգրին Ֆալկոյի դեպքն անվանել է կարևոր ձեռքբերում և հույսի աղբյուր փոխպատվաստման սպասող մարդկանց համար։ Միաժամանակ նա նշել է, որ դոնորների թվի ավելացումն ու կենդանի դոնորներից երիկամի նվիրատվության ծրագրերի զարգացումը, հավանաբար, ավելի քիչ ծախսատար և ավելի հասանելի կլինեն։










