Դեռահասների կեսից ավելին առնվազն մեկ անգամ դրսևորել է սեփական մարմնին ուղղված կրկնվող վարքագիծ, օրինակ՝ կրծել է եղունգները, պոկել մազերը կամ քորել մաշկը։ Ոմանց համար նման սովորությունները դառնում են հուզական լուրջ անհարմարության աղբյուր, հատկապես երբ դրանք ուղեկցվում են տագնապայնությամբ, դեպրեսիայով կամ հետապնդմամբ հասակակիցների կողմից։ Նման եզրակացությունների են հանգել Օքսֆորդի համալսարանի և այլ գիտական կենտրոնների հետազոտողները, որոնք աշխատանքի արդյունքները հրապարակել են BMJ Mental Health ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 11-18 տարեկան ավելի քան 5 400 դպրոցականների պատասխանները՝ հիմնականում Օքսֆորդշիր կոմսությունից և Լիվերպուլից։ Հետազոտությունն իրականացվել է OxWell Student Survey լայնածավալ հարցման շրջանակում։

Մասնակիցների 58,5 տոկոսը նշել է սեփական մարմնին ուղղված կրկնվող վարքագծի (BFRB) առնվազն մեկ տեսակ։ Ամենից հաճախ դեռահասները կրծել են եղունգները (43,6 տոկոս), փորփրել կամ քորել են մաշկը (31,3 տոկոս) և պոկել մազերը (14,5 տոկոս)։ Ընդ որում, նման սովորություններ ունեցող դեռահասների 17,6 տոկոսը հայտնել է այդպիսի վարքագծի երկու կամ ավելի տեսակների մասին։

Մասնակիցների 13 տոկոսի մոտ այս գործողությունները զգալի հուզական անհարմարություն են առաջացրել։ Այն հատկապես արտահայտված է եղել մազերը պոկելու և մաշկը վնասելու դեպքում․ ուժեղ ապրումների մասին հայտնել է նման սովորություններ ունեցող դեռահասների համապատասխանաբար 37 և 29 տոկոսը։ Համեմատության համար՝ եղունգները կրծողների շրջանում անհարմարության նման մակարդակ նշել է 11 տոկոսը։

Հետազոտողները կապ են հայտնաբերել նման գործողությունների և հոգեբանական դժվարությունների միջև։ Տագնապայնություն կամ դեպրեսիա ունեցող դեռահասների 34 տոկոսը դրանց հետ կապված լուրջ անհարմարություն է զգացել։ Հետապնդման ենթարկվածների շրջանում այս ցուցանիշը կազմել է 27 տոկոս։ Նման դժվարություններ նշվել են նաև աուտիզմ կամ ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ (ՈւՊԳՀ) ունեցող մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ դեռահասի մոտ՝ շուրջ երկու անգամ ավելի հաճախ, քան այդ վիճակները չունեցող հասակակիցների շրջանում։ Սակայն տարբերությունները մեծ մասամբ բացատրվել են հուզական դժվարություններով և հետապնդմամբ, այլ ոչ թե նեյրոառանձնահատկություններով։

Աղջիկները և իրենց տրանսգենդեր կամ գենդերային բազմազանություն ունեցող անձ համարող դեռահասներն ավելի հաճախ են հայտնել նման սովորությունների և դրանց հետ կապված ապրումների մասին, քան տղաները։

«Դրանք պարզապես վնասակար սովորություններ չեն։ Հաճախ դրանք վկայում են այն մասին, որ երիտասարդը դժվարություններ ունի», — նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Քլեր Մակքեյը, որն ինքն էլ նման վարքագիծ է դրսևորել։

Հետազոտողների խոսքով՝ ամոթն ու հասարակական խարանը դեռահասներին խանգարում են խոսել այս խնդիրների մասին և օգնության դիմել։ Գիտնականները կոչ են անում բաց քննարկել նման սովորությունները՝ հուզական դժվարություններն ավելի վաղ նկատելու և դրա կարիքն ունեցողներին ժամանակին աջակցելու համար։