Աուդիալ-ռիթմիկ խթանմամբ (ABS) երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսի հորմոնի մակարդակն ու օգնել մեղմել տագնապը։ Նման եզրահանգման են եկել Կանադայի Տորոնտոյի մետրոպոլիտեն համալսարանի (TMU) հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Psychophysiology ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 83 ուսանող, որոնք հայտնել են գեներալիզացված տագնապի առնվազն մեկ դրվագի մասին։ Մասնակիցներին պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը 24 րոպե շարունակ լսել է ABS-ով անհատականացված երաժշտություն։ Ձայնային ռիթմերն ընտրվել են՝ հաշվի առնելով մասնակիցների ելակետային վիճակը, և աստիճանաբար փոխվել են՝ նպաստելով նրանց թուլացմանը։ Երկրորդ խումբը լսել է վարդագույն աղմուկ՝ ցածր հաճախականությունների գերակշռությամբ հավասարաչափ ձայն, որը հիշեցնում է անձրևի կամ հոսող ջրի ձայնը։
Սեանսից առաջ և հետո հետազոտողները չափել են մասնակիցների կորտիզոլի մակարդակն ու սրտի ռիթմի փոփոխականությունը, ինչպես նաև գնահատել տագնապայնությունն ու տրամադրությունը։
«Կորտիզոլը նվազել է երկու խմբերում էլ, սակայն ABS-ով երաժշտություն լսողների մոտ դրա մակարդակը երկու անգամ ավելի շատ է նվազել, քան վարդագույն աղմուկ լսողների մոտ։ Ընդ որում, տագնապի սուբյեկտիվ զգացողությունը և տրամադրությունը գրեթե հավասարաչափ են բարելավվել երկու խմբերում։ Սրտի ռիթմի փոփոխականությունը նույնպես համեմատելի կերպով է փոխվել»,– նշել են գիտնականները։
Աուդիալ-ռիթմիկ խթանումը ենթադրում է համաժամանակեցված ձայնային ազդակների կիրառում, որոնք կարող են ազդել թուլացման հետ կապված ուղեղային ակտիվության վրա։ Այդ տեխնոլոգիայի տարբերակներից են բինաուրալ ռիթմերը, որոնց դեպքում ձախ և աջ ականջներին տրվում են փոքր-ինչ տարբեր հաճախականության ձայներ։
Հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները դեռ չեն ապացուցում երկարաժամկետ ազդեցությունը։ Հետազոտությունը փոքրածավալ էր, դրան մասնակցել են միայն ուսանողներ, իսկ նրանց վիճակը գնահատվել է մեկ սեանսից հետո։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք նման երաժշտության ազդեցությունը պահպանվում է կանոնավոր ունկնդրման դեպքում։










