Քնի անկանոն ռեժիմը կապված է դեպրեսիայի, տագնապայնության և միայնության ավելի արտահայտված ախտանշանների հետ։ Այս եզրակացությանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի և Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանների հետազոտողները՝ վերլուծելով Oura խելացի մատանիների գրեթե 23 հազար օգտատերերի տվյալները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
TemPredict հետազոտությանը մասնակցել է 22 894 մարդ տարբեր երկրներից։ Հարցվածների միջին տարիքը 46 էր, նրանց 43,5 տոկոսը կանայք էին։ Մասնակիցները կրում էին Oura մատանի՝ կոմերցիոն կրելի սարք, որը զարկերակի, շարժման և մատի ջերմաստիճանի հիման վրա որոշում է քնելու և արթնանալու պահերը։ Հետազոտողները յուրաքանչյուրի համար հաշվարկել են քնի կանոնավորության ինդեքսը՝ ցուցանիշ, որն արտացոլում է, թե որքանով են տարբեր օրերի քնի ռեժիմները նման միմյանց։ 100 արժեքը նշանակում է կատարյալ համընկնում, իսկ ցածր արժեքները՝ անկանոն ժամանակացույց։ Յուրաքանչյուր մասնակից միջինը տրամադրել է դիտարկումների 154 օրվա տվյալներ մոտ յոթ ամիս ընդգրկող ժամանակահատվածում։
Ծանր դեպրեսիա ունեցող մարդկանց քնի կանոնավորության միջին ինդեքսը կազմել է 74,93՝ նորմի սահմաններում գտնվող ցուցանիշներ ունեցողների 83,74-ի դիմաց։ Տագնապայնության դեպքում տարբերությունը նույնքան նկատելի է՝ 78,94՝ 83,67-ի դիմաց։ Միայնության ուժեղ զգացում ունեցող մասնակիցների ինդեքսը կազմել է 81,79՝ միայնություն չզգացողների 83,75-ի դիմաց։ Ինդեքսի յուրաքանչյուր հինգ միավոր նվազման դեպքում մեծանում էր դեպրեսիայի կամ տագնապայնության ավելի ծանր կարգում հայտնվելու հավանականությունը։
Քնի և հոգեկան առողջության կապը նախկինում ևս ուսումնասիրվել է՝ առավել հաճախ քնի տևողության և որակի տեսանկյունից։ Քնի կանոնավորության ինդեքսը քիչ է ուսումնասիրվել, իսկ միայնությունն այս համատեքստում գրեթե չի դիտարկվել։ Հեղինակները նշել են, որ քնի ռեժիմը, ի տարբերություն դրա տևողության, մարդը կարող է ինքնուրույն փոխել. բավական է սահմանել արթնանալու և քնելու հաստատուն ժամեր։ Խելացի մատանիներն ու նմանատիպ սարքերը տվյալներ են հավաքում առանց օգտատիրոջ ակտիվ մասնակցության և հավելվածի միջոցով կարող են նրան հուշել, թե ինչպես կայունացնել ժամանակացույցը։






