Միջին տարիքի ճգնաժամը՝ տարածված ընկալմամբ մոտ 40 տարեկանում տրամադրության կտրուկ վատթարացման և կյանքից դժգոհության շրջանը, գիտական տվյալներով չի հաստատվում։ Հետազոտությունները չեն բացահայտել այդ տարիքին հասնելու և հոգեբանական բացասական փոփոխությունների միջև ուղիղ կապ։ Այս մասին Women's Health ամսագրի հարցազրույցում պատմել է հոգեբան Մարջի Է. Լահմանը։
Մասնագետի խոսքով՝ միջին տարիքը որպես անխուսափելի ճգնաժամ ընկալելն ինքնին կարող է վնասել մարդկանց։ Հասարակական կարծրատիպերը ստիպում են տարիքային փոփոխություններն ընկալել որպես անկման նշան, մինչդեռ իրականում դրանք պարտադիր չէ, որ նշանակեն առողջության կամ կյանքի որակի վատթարացում։
«Նման դիրքորոշումները կարող են ազդել նաև բժշկական օգնության վրա։ Օրինակ՝ բժիշկները կարող են 50 տարեկանից բարձր կնոջ գանգատները վերագրել տարիքային փոփոխություններին և չնկատել հիվանդության ախտանիշները։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ ծերացման նկատմամբ մարդու վերաբերմունքը կապված է նրա առողջության և կյանքի տևողության հետ», — զգուշացրել է մասնագետը։
Փորձագետի խոսքով՝ այս գործընթացի նկատմամբ ավելի դրական վերաբերմունք ունեցող մարդիկ միջինն ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր առաջնորդվում են տարեց հասակի մասին բացասական կարծրատիպերով։
Միաժամանակ, Լահմանը չի ժխտում, որ կյանքի միջին շրջանը հաճախ դառնում է արժեքների և կյանքի նպատակների վերագնահատման ժամանակ։ Սակայն պարտադիր չէ, որ այդ գործընթացն ուղեկցվի հուզական ծանր ցնցումով, և այն կարող է համեմատաբար քիչ ժամանակ տևել։
Հոգեբանը միջին տարիքը համեմատել է մարզական հանդիպման ընդմիջման հետ. կարևոր իրադարձությունների մի մասն արդեն տեղի է ունեցել, բայց խաղը դեռ չի ավարտվել։ Նրա կարծիքով՝ այս շրջանը պետք է ընկալել ոչ թե որպես անխուսափելի ճգնաժամ, այլ որպես անցած ուղին գնահատելու և հետագա ցանկությունները հստակեցնելու հնարավորություն։










