Զբոսայգի այցելելը կարող է նպաստել երեխաների հոգեկան առողջությանը և մեծանալուն զուգընթաց՝ նրանց սոցիալական հմտությունների զարգացմանը, ասվում է նոր հետազոտության մեջ։

Հետազոտողները պարզել են, որ այն երեխաները, որոնց ծննդից մինչև 11 տարեկանը շաբաթական առնվազն մեկ անգամ զբոսայգի են տարել, հոգեկան առողջության գնահատման ժամանակ միջինում 16,5 %-ով ավելի բարձր միավորներ են ստացել, քան նրանք, ովքեր նույն ժամանակահատվածում զբոսայգի են այցելել շաբաթական մեկ անգամից պակաս հաճախականությամբ։ Այդ ազդեցությունը պահպանվել է նույնիսկ սոցիալ-տնտեսական վիճակն ու ընտանեկան խնդիրները հաշվի առնելուց հետո։

«Զբոսայգիները երեխաներին ֆիզիկական ակտիվության համար տարածք են տրամադրում, ինչը, ինչպես հայտնի է, նպաստում է հոգեկան և ֆիզիկական առողջությանը, ինչպես նաև խրախուսում է համարձակ ու ստեղծագործ խաղերը, որոնք օգնում են զարգացնել ինքնավստահությունն ու ինքնուրույնությունը»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Մարկ Ֆերգյուսոնը՝ Միացյալ Թագավորության Էքսեթերի համալսարանից։

«Մենք կարծում ենք, որ զբոսայգիները կարող են լինել ոչ միայն խաղալու վայրեր, այլև երեխաների առողջ զարգացման կարևոր ռեսուրս», - հավելել է նա։

Epidemiology and Community Health բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունն ընդգրկել է 4219 մասնակցի և կենտրոնացել է սոցիալ-հուզական զարգացման վրա, այսինքն՝ այն հմտությունների, որոնք երեխաներին անհրաժեշտ են իրենց զգացմունքները կառավարելու, հարաբերություններ կառուցելու, պատշաճ վարք դրսևորելու և առօրյա դժվարությունները հաղթահարելու համար։

Հեղինակները նշել են, որ սոցիալ-հուզական զարգացման բարձր մակարդակը մանկության և հետագա կյանքի ընթացքում լավ հոգեկան առողջության կարևոր հիմք է։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները, որպես կանոն, սոցիալ-հուզական զարգացման ավելի բարձր մակարդակ են ցուցաբերել այն ժամանակահատվածներում, երբ ավելի հաճախ են այցելել զբոսայգիներ։ Այն երեխաները, որոնք ընդհանուր առմամբ ավելի կանոնավոր են այցելել զբոսայգիներ, նույնպես իրենց ավելի լավ են զգացել, քան նրանք, ովքեր դա ավելի հազվադեպ են արել։

Զբոսայգիներ այցելելը կապված է եղել ինչպես ներքին ուղղվածության խնդիրների՝ հուզական ախտանշանների և հասակակիցների հետ դժվարությունների, այնպես էլ արտաքին ուղղվածության խնդիրների՝ վարքային խանգարումների, գերակտիվության կամ անուշադրության նվազման հետ։

Հետազոտողները նաև ուսումնասիրել են, թե արդյոք զբոսայգիներ այցելելու հաճախականությունն ու սոցիալ-հուզական զարգացումը տարբերվում են՝ կախված ընտանեկան միջավայրից։ Ավելի բարեկեցիկ թաղամասերի երեխաները, ըստ երևույթին, ավելի վաղ տարիքում ավելի հաճախ են այցելել զբոսայգիներ, մինչդեռ պակաս ապահովված ընտանիքների երեխաները, որպես կանոն, մեծանալուն զուգընթաց են սկսել ավելի հաճախ գնալ այնտեղ։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ զբոսայգիներն ու խաղահրապարակները կարող են օգնել նվազեցնել երեխաների զարգացման անհավասարությունը, բայց միայն այն դեպքում, երբ բոլոր ընտանիքների համար հարմար է դրանցից օգտվելը, հաղորդում է Euronews-ը։ Որպեսզի զբոսայգիները օգուտ բերեն, «համայնքներին անհրաժեշտ են որակյալ զբոսայգիներ, որոնք անվտանգ են, հասանելի և բաց են ցանկացած ծագում ունեցող ընտանիքների համար», - նշել է Ֆերգյուսոնը։

Քանի որ զբոսայգիներն անվճար են և բաց բոլորի համար, դրանք կարող են ունենալ «հավասարեցնող ազդեցություն»։ Այդ եզրույթը նկարագրում է, թե ինչպես կարող են որոշ ֆիզիկական կամ սոցիալական պայմաններ, հատկապես կանաչ տարածքները, հանդես գալ որպես հավասարեցնող ուժ՝ նվազեցնելով սոցիալ-տնտեսական խմբերի միջև առողջական վիճակի, հոգեբանական բարեկեցության կամ կրթության մակարդակի տարբերությունները։