Գիտնականները գլխուղեղում հայտնաբերել են հատված, որտեղ միավորվում են ցավի զգացողությունները և տագնապը։ Դա կղզյակային բիլթն է կամ ինսուլան՝ կեղևի այն մասը, որը թաքնված է մյուս բլթերի խորքում։ Բացահայտումը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։
Նոր հետազոտության շրջանակում Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի անվան համալսարանի (Գերմանիա) գիտնականների խումբն առաջին անգամ ցույց է տվել, որ ինսուլան բաղկացած է չորս առանձին, բայց փոխազդող հատվածներից։
Գիտնականներն օգտագործել են դժվար բուժվող էպիլեպսիա ունեցող 87 պացիենտների տվյալները, որոնք հավաքվել են շուրջ 15 տարվա ընթացքում։ Ախտորոշման շրջանակում պացիենտների գլխուղեղում ժամանակավորապես էլեկտրոդներ են տեղադրվել՝ նոպաների ճշգրիտ օջախը որոշելու համար։ Պացիենտների համաձայնությամբ սա հետազոտողներին հազվադեպ հնարավորություն է տվել անմիջականորեն խթանել ինսուլան և չափել դրա ակտիվությունն ու կապերը գլխուղեղի այլ հատվածների հետ։
Սա թույլ է տվել բացահայտել չորս առանձին հատվածներ, որոնք գիտնականների խումբը միավորել է մարդու ինսուլայի գործառութային ատլասում։
Ցավի և ջերմաստիճանային զգացողություններն առաջանում են հիմնականում վերին հետին (դորսալ) հատվածում, որտեղ դրանք դասավորված են ըստ մարմնի մասերի։ Օրինակ՝ ոտքերում զգացողություններն առաջանում էին այդ գոտու ամենահետին մասում, ապա հաջորդում էին ձեռքերում և դաստակներում զգացողությունները, իսկ առջևում՝ բերանի խոռոչինը։ Ստորին (վենտրալ) հատվածը փոխանցում է տարածուն զգացողություններ, որոնք միաժամանակ ընդգրկում են մարմնի մի քանի մասեր։ Միջին առաջնային հատվածի խթանումն առաջացնում էր հիմնականում ընդերային զգացողություններ, օրինակ՝ կրծքավանդակում կամ որովայնում, ինչպես նաև տագնապի զգացում։
Ինսուլայի ամենաառաջնային մասը՝ բևեռը, առանձնահատուկ դեր ունի. դրա խթանումը գրեթե զգացողություններ չէր առաջացնում, սակայն այն ակտիվանում է, երբ ուղեղը որոշում է, թե որ ազդակներին ուշադրություն դարձնել։ Այն նաև սերտորեն կապված է մտածողության և պլանավորման համար պատասխանատու ճակատային բլթի հետ և ինսուլայի մյուս հատվածների վրա շատ ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան դրանք՝ իր վրա։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ինսուլան ավելին է, քան մարմնական ազդանշանների փոխանցման կայանը։ Ըստ երևույթին՝ այն ակտիվորեն ձևավորում է այն, թե ինչպես ենք մենք զգում ցավն ու սեփական մարմինը», — նշել է հետազոտության ղեկավար դոկտոր Ջուլիանա Քվաբսը։
Նրա գործընկեր, դոկտոր Սվենջա Կասպերսի խոսքով՝ սա մատնանշում է հնարավոր նյարդային մեխանիզմ, որի միջոցով հույզերն ու սպասումները կարող են փոխել ցավի և այլ ֆիզիկական զգացողությունների ընկալումը։










