Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում գլխուղեղի երկու հատվածները՝ էնտորինալ կեղևն ու նշաձև մարմինը, շատ ավելի շուտ են սկսում փոքրանալ, քան հիպոկամպը, որտեղ և սովորաբար փնտրում են հիվանդության հետքերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage Reports ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են հիվանդության տարբեր փուլերում գտնվող պացիենտների երկու անկախ խմբերի հարյուրավոր ՄՌՏ և ՊԷՏ լուսանկարներ։ Պարզվել է, որ հիվանդության վաղ շրջանում երկու խմբերում էլ էնտորինալ կեղևի և նշաձև մարմնի ծավալային կորուստն անհամեմատ ավելի արտահայտված է եղել, քան հիպոկամպինը։
Էնտորինալ կեղևը պատասխանատու է հիշողությունների վերարտադրման, իսկ նշաձև մարմինը՝ հուզական հիշողության համար։ Այս գոտիներում գորշ նյութի նվազումը փոխկապակցված է նաև տաու-սպիտակուցի փոփոխությունների հետ, ինչն Ալցհեյմերի հիվանդության հիմնական բնութագրիչներից է։
Հետազոտության ավագ հեղինակ, կենսաբժշկական ինժեներ Մայքլ Միլլերի խոսքով՝ ուղեղում կատարվող փոփոխությունները կարող են նկատելի դառնալ կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց դեռևս հինգից տասը տարի առաջ։ Գիտնականները հույս ունեն, որ այդ հատվածների ծավալի չափումը կօգնի բացահայտել բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց և բուժումն սկսել ավելի վաղ փուլում։
Այնուամենայնիվ, առաջարկվող մոտեցումն առայժմ չի կարող կիրառվել որպես լիարժեք ախտորոշիչ մեթոդ. դրա ճշգրտությունն ու կլինիկական նշանակությունը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։










