Գիտնականները պարզել են, թե հիպոկամպն ինչ դեր է խաղում օրինաչափությունները ճանաչելու և նախկին փորձն օգտագործելու մարդու կարողության մեջ՝ նոր իրավիճակները հասկանալու համար։ Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի այս հատվածն օգնում է կապեր հաստատել իրադարձությունների միջև, նույնիսկ եթե մարդը նախկինում դրանց անմիջականորեն չի առնչվել։ Արդյունքները հրապարակվել են Nature Human Behaviour ամսագրում։

Նախկինում յուրացրած փոխկապակցությունների հիման վրա եզրահանգումներ անելու կարողությունը կոչվում է կառուցվածքային եզրահանգում։ Այն մարդուն թույլ է տալիս գիտելիքները մի համատեքստից տեղափոխել մյուսը, ճանաչել ծանոթ օրինաչափությունները և որոշումներ կայացնել անծանոթ հանգամանքներում։

Այս մեխանիզմն ուսումնասիրելու համար հետազոտողները մշակել են Goalkeeper Game համակարգչային խաղը, որում մասնակիցները պետք է մտապահեին մի քանի կերպարների միջև հարաբերությունները և դրանց հիման վրա նոր կապեր հաստատեին։ Փորձի ընթացքում գիտնականները ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ֆՄՌՏ) միջոցով սքանավորել են 36 կամավորների ուղեղը, ապա ստացված տվյալները վերլուծել հաշվարկային մոդելների, այդ թվում՝ ռեկուրենտ նեյրոնային ցանցերի կիրառմամբ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ հիպոկամպը՝ ուղեղի այն հատվածը, որը կարևոր է հիշողությունների ձևավորման և վերհիշման համար, կոդավորում է տարբեր իրավիճակներում կերպարների միջև փոխկապակցությունները։ Դրա շնորհիվ մասնակիցները կարողացել են եզրահանգումներ անել այնպիսի կապերի մասին, որոնց նախկինում անմիջականորեն չէին առնչվել։ Միաժամանակ, ուղեղի մեկ այլ հատված՝ օրբիտաճակատային կեղևը, արտացոլել է մասնակիցների անհատական նախապատվությունները նպատակների առնչությամբ։

Հաջորդ փուլում հետազոտողները ստուգել են՝ արդյոք հիպոկամպն իսկապես անհրաժեշտ է այդ կարողության համար։ Նրանք 20 մասնակիցների մոտ ժամանակավորապես փոփոխել են այս հատվածի ակտիվությունը տրանսկրանիալ ուլտրաձայնային խթանման (TUS) միջոցով։ Սա մեթոդ է, որի դեպքում ուլտրաձայնային ալիքները գանգի միջով ուղղվում են դեպի ուղեղի որոշակի կառուցվածքներ։

Խթանումից հետո խաթարվել է նախկինում յուրացրած կապերի հիման վրա եզրահանգումներ անելու մասնակիցների կարողությունը։ Սա գիտնականներին թույլ է տվել վկայություններ ստանալ փոխկապակցությունները սովորելու և այդ գիտելիքները նոր իրավիճակներում կիրառելու գործում հիպոկամպի պատճառական դերի մասին։

Հետազոտության առաջին հեղինակ Դեն Պանը նշել է, որ առողջ մարդկանց մոտ խորքում տեղակայված հիպոկամպի գործառույթներն ուսումնասիրելը հատկապես բարդ է։ Նրա խոսքով՝ ստացված արդյունքները ցույց են տալիս ուլտրաձայնային խթանման ներուժը բարդ կոգնիտիվ գործընթացների, այդ թվում՝ դատողության, պլանավորման և խնդիրների լուծման ուսումնասիրության համար։

Հետագայում գիտնականները մտադիր են ուսումնասիրել՝ արդյոք այս մեթոդը հնարավոր է կիրառել ուղեղի խորքային կառուցվածքների աշխատանքի հետ կապված որոշ խանգարումների ուսումնասիրման և, հնարավոր է, բուժման համար։

Հնարավոր ուղղություններից է հիշողության և հուզական արձագանքների ձևավորմանը մասնակցող նեյրոնային շղթաների վրա ներգործությունը, այդ թվում՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում։ Սակայն բուժման նման մեթոդներ մշակելու համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն։