Դեռահասության տարիքում ուղեղի նյարդային շղթաների զարգացման խանգարումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ սոցիալական վարքի համար։ Նման եզրակացության են հանգել Օհայոյի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մկների ուղեղի աշխատանքը։

Նախնական արդյունքները Նյարդագիտության ընկերության Neuroscience 2026 ամենամյա գիտաժողովում ներկայացրել է ասպիրանտ Կատրինա Լինը, գրում է Medical Xpress-ը։

Գիտնականները հայտնաբերել են, որ դեռահասության տարիքում ակտիվորեն զարգանում է նախաճակատային կեղևը վենտրալ զոլավոր մարմնի հետ կապող նյարդային շղթան։ Նախաճակատային կեղևը պատասխանատու է որոշումների ընդունման, ուշադրության և մղումների վերահսկման համար, իսկ վենտրալ զոլավոր մարմինը մասնակցում է պարգևատրման ազդակների մշակմանը, մոտիվացիային և հաճույքի զգացմանը։ Այդ կապն, ըստ երևույթին, կարևոր դեր է խաղում սոցիալական շփումների ձգտման ձևավորման գործում։

Փորձի ընթացքում հետազոտողները երկու սեռերի մկների մոտ ժամանակավորապես ճնշել են որոշակի նեյրոնների ակտիվությունը։ Եթե միջամտությունը կատարվել է դեռահասության տարիքում, կենդանիները հասունանալուց հետո ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերել իրենց ցեղակիցների հետ շփվելու հարցում։ Հասուն մկների վրա նմանատիպ ազդեցությունն առաջացրել է սոցիալական փոխազդեցության նկատմամբ հետաքրքրության միայն ժամանակավոր նվազում, որն անհետացել է միջամտությունը դադարեցնելուց հետո։

Արդյունքները վկայում են, որ դեռահասության տարիքը կարող է հատկապես կարևոր շրջան լինել սոցիալական մոտիվացիան կարգավորող նյարդային մեխանիզմների ձևավորման համար։

Ըստ հետազոտության ղեկավար, Օհայոյի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լոուրենս Կուտելյեի՝ նախաճակատային կեղևն ուղեղի ամենաուշ հասունացող հատվածներից է։ Դրա զարգացումը շարունակվում է մոտավորապես մինչև 25 տարեկանը։ Ուստի դեռահասության տարիքում իմպուլսիվությունն ու ոչ ճկուն մտածողության հակվածությունը մասամբ բացատրվում են ուղեղի շարունակվող հասունացմամբ։

Հետազոտողները նշել են նաև, որ դեռահասներն ընդհանուր առմամբ ավելի շատ են ձգտում ժամանակ անցկացնել հասակակիցների հետ, քան չափահասները։ Գիտնականները ենթադրում են, որ սոցիալական վարքն ապահովող նյարդային շղթաների զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ սոցիալական մեկուսացման պատճառները, որը նկատվում է որոշ հոգեկան խանգարումների, ներառյալ՝ դեպրեսիայի և շիզոֆրենիայի դեպքում։

Հետագայում թիմը նախատեսում է պարզել, թե շրջակա միջավայրն ու շփման պակասն ինչպես են ազդում ուղեղի այս կառուցվածքների զարգացման վրա։ Մասնավորապես, գիտնականները ցանկանում են ուսումնասիրել՝ արդյոք ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում սոցիալական շփումների սահմանափակումները կարող էին ազդել դեռահասների սոցիալական վարքի նյարդային մեխանիզմների ձևավորման վրա։

Միաժամանակ հետազոտողները շեշտում են, որ մկները չեն տառապում շիզոֆրենիայով կամ դեպրեսիայով, սակայն կենդանիների վրա կատարվող փորձերը թույլ են տալիս ուսումնասիրել վարքի առանձին առանձնահատկություններ, որոնք հիշեցնում են այդ խանգարումների որոշ ախտանշաններ։