Մարդիկ, որոնք գրեթե միշտ իրենց միայնակ են զգում, կարող են դեմենցիայի զարգացման ավելի բարձր ռիսկի ենթարկվել, ասվում է նոր հետազոտության մեջ, որի շրջանակում տարեց մարդկանց հետևել են երեք տասնամյակ շարունակ։

Ներկայում դեմենցիան բուժող դեղամիջոց չկա․ աշխարհում դրանով տառապում է 57 միլիոն մարդ։ Սակայն գենետիկական և կենսակերպին առնչվող գործոնների համակցությունը, մասնավորապես՝ ֆիզիկական ակտիվությունը, ոգելից խմիչքի օգտագործումն ու ծխելը, կարող է ազդել այս վիճակի զարգացման ռիսկի վրա։ Ըստ Lancet բժշկագիտական հանդեսի նախաձեռնությամբ հավաքված փորձագետների խմբի՝ ռիսկի մեկ այլ գործոն է սոցիալական մեկուսացումը։

Բորդոյի համալսարանի հետազոտողները փորձել են քանակապես գնահատել այդ ռիսկը, հաղորդում է Euronews-ը։ Նրանք պարզել են, որ մշտապես իրենց միայնակ զգացող տարեցների շրջանում դեմենցիայի զարգացման վտանգը 38%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր երբեք միայնություն չեն զգացել։

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է Aging & Mental Health հանդեսում հրապարակված հետազոտության մեջ, միայնության դրվագային զգացումը դեմենցիայի ռիսկի հետ էական կապ չի ունեցել։

«Այս տարբերությունը սկզբունքորեն կարևոր է»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բորդոյի բնակչության առողջության հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարին Պերեսը։

Գիտնականները վերլուծել են 3777 տարեցների տվյալները, որոնց հետևել են 1988- 2018 թվականներին։ Ութ տարվա ընթացքում հետազոտության շրջանակում կատարված չորս այցերի հիման վրա մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ «երբեք իրենց միայնակ չեն զգացել», «երբեմն իրենց միայնակ են զգացել» և «մշտապես իրենց միայնակ են զգացել»։ Այնուհետև հետազոտողները հետևել են՝ արդյոք մասնակիցների մոտ հետագա 20 տարիների ընթացքում դեմենցիա է զարգացել։

Ըստ հետազոտության՝ երբեք կամ միայն երբեմն իրենց միայնակ զգացած մարդկանցից մոտավորապես յուրաքանչյուր երրորդի մոտ հետագայում դեմենցիա է զարգացել, մինչդեռ խրոնիկական միայնություն զգացողների խմբում այդ ցուցանիշը կազմել է մոտ 49%։ Մասնակիցների մեծամասնությունը պարբերաբար միայնության զգացում չի ունեցել։

Միայնությունն ու սոցիալական մեկուսացումը լիովին նույնը չեն։ Միայնությունը սուբյեկտիվ զգացում է, և մարդիկ կարող են այն զգալ, նույնիսկ եթե ապրում են ընտանիքի հետ կամ պարբերաբար հանդիպում են այլ մարդկանց, նշել է Բորդոյի հետազոտական թիմը։

«Այդ խոցելիությունը կարող է կապված լինել թե՛ չբավարարող հարաբերությունների, թե՛ հարազատներին խնամելու բեռի և թե՛ իմաստալից զբաղմունքների բացակայության հետ», - ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Իվաննա Սիմոնը։

Հետազոտությունն ունի սահմանափակումներ։ Միայնությունը չափելու համար կիրառվել է մեկ հարց, այլ ոչ թե համապարփակ գնահատում, և գիտնականները կարող էին հաշվի առած չլինել այն բոլոր գործոնները, որոնք ազդում են դեմենցիայի ու միայնության միջև փոխադարձ կապի վրա։ Ընդսմին, ստացված տվյալները համահունչ են նախորդ՝ ավելի լայնածավալ հետազոտությունների արդյունքներին, որոնցում նմանատիպ կապ էր հայտնաբերվել դեմենցիայի և միջին ու տարեց հասակում միայնության միջև։