Պացիենտները, որոնց գրեթե 40 տարի առաջ տեղադրվել են ատամնային իմպլանտներ և ատամնաշապիկներ, շարունակում են բարձր գնահատել դրանց ֆունկցիոնալությունը, թեև գոհունակությունն արտաքին տեսքից այնքան էլ միանշանակ չէ։ Այս եզրակացությանն են եկել Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են Clinical Implant Dentistry and Related Research ամսագրում։
2025 թվականին գիտնականները հայտնել էին, որ 1982–1985 թվականներին տեղադրված և ուսումնասիրված բոլոր 18 իմպլանտները շարունակում էին գործել։ Նոր հետազոտության շրջանակում մասնագետները պարզել են, թե ինչպես են հենց պացիենտները տասնամյակներ անց գնահատում բուժման արդյունքները։ Հետազոտությանը մասնակցել է 13 մարդ, որոնք պատասխանել են ատամների ֆունկցիոնալության, արտաքին տեսքի և կյանքի որակի վրա բերանի խոռոչի վիճակի ազդեցության մասին հարցերին։
Հարյուր բալանոց սանդղակով մասնակիցները բուժման ընդհանուր արդյունքը գնահատել են միջինը 93, իմպլանտների ֆունկցիոնալությունը՝ 96 բալ։ Մեծամասնությունը նաև նշել է, որ բերանի խոռոչի վիճակը քիչ է ազդում իրենց կյանքի որակի վրա։
Միևնույն ժամանակ, ատամների արտաքին տեսքից գոհունակության գնահատականներն ավելի մեծ տարբերություններ են ունեցել։ Վերին առջևի ատամներին փոխարինող վեց իմպլանտների զննման ժամանակ հետազոտողները շապիկների դիրքի և լնդերի մակարդակի տարբերություններ են հայտնաբերել կից բնական ատամների համեմատ։
Գիտնականները բացատրում են, որ տարիքի հետ ատամներն ու դրանք շրջապատող հյուսվածքները փոխվում են, մինչդեռ իմպլանտները մնում են ծնոտոսկրի մեջ ամրացված։ Սակայն հնարավոր չէ պարզել, թե նկատելի տարբերությունները որքանով են առաջացել հենց անցած տասնամյակների ընթացքում. իմպլանտների տեղադրումից անմիջապես հետո կատարված համադրելի չափումները չեն պահպանվել։
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունն ընդգրկում է պացիենտների փոքր խումբ և հին մոդելների իմպլանտներ, որոնք տարբերվում են ժամանակակից համակարգերից։
Ուստի, արդյունքները չի կարելի ուղղակիորեն տարածել իմպլանտացիայի ներկա մեթոդների վրա։ Այդուհանդերձ, աշխատանքը ցույց է տալիս, որ բուժման երկարաժամկետ հաջողությունը պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի ամրությամբ, այլև դրա ֆունկցիոնալությամբ և նրանով, թե ժամանակի ընթացքում պացիենտը որքանով է գոհ մնում արդյունքից։










