Էոզինոֆիլային էզոֆագիտը՝ կերակրափողի քրոնիկական բորբոքային հիվանդությունը, կարող է տարիներ շարունակ չախտորոշվել, քանի որ դրա ախտանիշները վերագրվում են ծանր սննդային ալերգիային։ Այս մասին են վկայում Ֆինիքսում կայացած Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի ամերիկյան քոլեջի տարեկան համաժողովում ներկայացված երկու նոր հետազոտությունները, գրել է Health Day-ը։
Հետազոտողների տվյալներով՝ 2009 թվականից ի վեր էոզինոֆիլային էզոֆագիտի ախտորոշումների թիվն աճել է յոթ անգամ։ Հիվանդությունը հաճախ կապված է որոշակի սննդամթերքի, այդ թվում՝ կաթի և ցորենի նկատմամբ ռեակցիայի հետ։
Էոզինոֆիլային էզոֆագիտի դեպքում կերակրափողի լորձաթաղանթում կուտակվում են էոզինոֆիլներ՝ արյան սպիտակ բջիջների տեսակ, որոնք մասնակցում են իմունային ռեակցիաներին։ Սա առաջացնում է բորբոքում և այտուց։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց՝ մարդու համար ավելի դժվար է դառնում կուլ տալը, իսկ սնունդը կարող է խցանվել կերակրափողում։
Հետազոտություններից մեկին մասնակցել է 29 պացիենտ, որոնց մոտ սկզբում կասկածել են ծանր սննդային ալերգիա, սակայն հետագայում հայտնաբերել են էոզինոֆիլային էզոֆագիտ։ Ճիշտ ախտորոշման հաստատումը միջինը տևել է ավելի քան հինգ տարի։
«Ուտելուց հետո առաջացող ամեն վախեցնող ռեակցիա չէ, որ անաֆիլաքսիա է», — նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Վաշինգտոնի Watergate և McLean ալերգիայի ու ասթմայի կենտրոնների և Ջորջթաունի համալսարանի բժշկական դպրոցի բժիշկ Թալալ Նսուլին։
Երկրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդությունն առավել հաճախ առաջին անգամ ախտորոշվում է դեռահասների և մոտ 40 տարեկան մարդկանց մոտ։ Բացի այդ, էոզինոֆիլային էզոֆագիտն ավելի հաճախ հանդիպել է այլ ալերգիկ հիվանդություններ, այդ թվում՝ ասթմա, էկզեմա և սննդային ալերգիա ունեցող պացիենտների մոտ։
Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի կուլ տալու հետ կապված կրկնվող խնդիրների դեպքում, հատկապես եթե հետազոտությունները չեն հաստատում սննդային ալերգիան։ Վաղ ախտորոշումը և բուժումն օգնում են կանխել կերակրափողի երկարատև վնասումը։










