Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մահացած մարդկանց գլխուղեղի հյուսվածքներում միկրոպլաստիկի խտությունը 7–30 անգամ գերազանցում է լյարդում և երիկամներում դրա խտությանը։ Այս երևույթը կարող է կապված լինել ուղեղում արյան ակտիվ հոսքի և արյունաուղեղային պատնեշը հաղթահարելու՝ պլաստիկի մասնիկների ունակության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Գիտնականները համեմատել են մահացած մարդկանց գլխուղեղի հյուսվածքների նմուշների երկու խումբ՝ վերցված 2016 և 2024 թվականների դիահերձումների ժամանակ։ Առաջին խմբում պլաստիկի մասնիկների խտության մեդիանային արժեքը կազմել է 3345 մկգ՝ մեկ գրամ հյուսվածքի հաշվով, իսկ երկրորդում՝ 4917 մկգ։ Այսպիսով, 2024 թվականի նմուշներում այդ ցուցանիշը մոտ 47%-ով ավելի բարձր է եղել, ինչը կարող էր արտացոլել շրջակա միջավայրի աղտոտվածության աճը։

Հյուսվածքներում հետազոտողները հայտնաբերել են հիմնականում պոլիէթիլեն՝ շատ մանր բեկորների, այդ թվում՝ նանոմասնիկների տեսքով։

«Այդպիսի մասնիկները կարող են ուղեղ ներթափանցել արյունաուղեղային պատնեշի միջով, որը սովորաբար այն պաշտպանում է վնասակար նյութերից։ Կենդանիների վրա կատարված փորձերն արդեն ցույց են տվել, որ նանոպլաստիկն ունակ է հաղթահարելու արյունատար համակարգի և գլխուղեղի ու ողնուղեղի հյուսվածքների միջև գտնվող այս կենսաքիմիական զտիչը», — պարզաբանել են հետազոտողները։

Մարդու հյուսվածքներում միկրո- և նանոպլաստիկի առկայությունը կապում են սրտանոթային աղետների բարձր ռիսկի, քրոնիկ բորբոքման, նյարդաթունավոր ազդեցության և վերարտադրողական գործառույթի խանգարումների հետ։ Միաժամանակ հետազոտությունը չի ապացուցում, որ միկրոպլաստիկը դեմենցիա կամ ուղեղի այլ հիվանդություններ է առաջացնում։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք մասնիկների կուտակումը նպաստում է հիվանդության զարգացմանը, թե կապված է հյուսվածքներում արդեն իսկ առկա փոփոխությունների հետ։

Բացի այդ, աշխատանքի արդյունքները քննարկումների տեղիք են տվել՝ կենսաբանական նմուշներում միկրոպլաստիկի չափման մեթոդների սահմանափակումների պատճառով։ Գերմանիայի Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտը մատնանշել է մեթոդաբանական անորոշություններ, որոնք կարող էին հանգեցնել չափված խտությունների գերագնահատմանը։