Սննդակարգում ֆոսֆատների ավելցուկը կարող է արագացնել անոթների առաձգականության կորուստը։ Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողների փորձերում ֆոսֆատներով հարուստ սնունդը մեծացրել է անոթների պատերում կալցիումի կուտակումն այն մկների մոտ, որոնց օրգանիզմում բացակայում էր երիկամային TMEM174 սպիտակուցը։ Այս սպիտակուցն օգնում է սահմանափակել ֆոսֆատների վերադարձը երիկամներից արյան մեջ։ Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Ֆոսֆատներն անհրաժեշտ են ոսկրերի ձևավորման համար և մասնակցում են օրգանիզմի բազմաթիվ գործընթացների։ Երիկամները դրանք զտում են արյունից, այնուհետև մի մասը վերադառնում է արյան հոսք, իսկ ավելցուկն արտազատվում է մեզի հետ։ NPT2A սպիտակուցը ֆոսֆատները հետ է տանում, իսկ TMEM174-ն օգնում է զսպել այդ գործընթացը։
Հետազոտողները համեմատել են TMEM174-ի բնականոն մակարդակ ունեցող մկներին և այն կենդանիներին, որոնց օրգանիզմում այս սպիտակուցը բացակայում էր։ Երկրորդ խմբում արյան մեջ ֆոսֆատների մակարդակն ավելի վատ էր կարգավորվում։ Զարկերակների պատերում ավելի շատ կալցիումային նստվածքներ էին կուտակվում, ինչի պատճառով անոթները դառնում էին ոչ այնքան առաձգական։ Ֆոսֆատների բարձր պարունակությամբ կերով սնվելիս TMEM174-ից զուրկ մկների անոթներն ավելի կոշտ էին դառնում, նրանց կյանքի տևողությունը կրճատվում էր։ Երբ կերի մեջ ֆոսֆատների պարունակությունը նվազեցրել են, հաջողվել է մեղմել այդ փոփոխությունների մի մասը։
Աշխատանքն օգնում է բացատրել, թե ֆոսֆատների փոխանակության խանգարումն ինչպես կարող է անդրադառնալ անոթների վրա։ Այս մեխանիզմը հատկապես հետաքրքիր է երիկամների քրոնիկակա հիվանդության համատեքստում, որի դեպքում օրգանիզմի համար կարող է ավելի դժվար լինել ազատվել ֆոսֆատների ավելցուկից։
Հեղինակները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես է TMEM174-ը փոխազդում ֆոսֆատներն արյան մեջ վերադարձնող սպիտակուցների հետ։ Դա կօգնի հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք ազդել այդ գործընթացի վրա՝ անոթների վնասումը նվազեցնելու համար։










