Կորոնար անգիոգրաֆիայից՝ կորոնար զարկերակներում արյան հոսքը գնահատելու հնարավորություն տվող հետազոտությունից առաջ և դրա ընթացքում երաժշտաթերապիան կապված է զարկերակային ճնշման և սրտի կծկումների հաճախության նվազման, ինչպես նաև ցավի և սրտամկանի վնասման մասին վկայող տրոպոնինի մակարդակի նվազման հետ։ Նման եզրակացությունների են հանգել Heart բժշկագիտական հանդեսում հրապարակված կլինիկական հետազոտության հեղինակները։

Կորոնար անգիոգրաֆիան համարվում է սրտային հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը, սակայն միջամտությունը կարող է ուժեղ հուզական և ֆիզիոլոգիական սթրես առաջացնել։ Դրա ընթացքում բժիշկն արյունատար անոթների միջով կաթետերն առաջ է տանում դեպի կորոնար զարկերակներ և օգտագործում կոնտրաստային նյութ, որի շարժը գրանցվում է ռենտգենյան պատկերների միջոցով։ Անհրաժեշտության դեպքում միաժամանակ կատարվում է կորոնար միջամտություն՝ արյան հոսքը վերականգնելու համար։

MUS.E I հետազոտությանը մասնակցել է 100 բուժառու, որոնց պատահականության սկզբունքով բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբի համար անհատապես ընտրված երաժշտություն են միացրել միջամտությունից առաջ՝ 30 րոպե, երկրորդի համար՝ դրանից առաջ 30 րոպե և անգիոգրաֆիայի ամբողջ ընթացքում։ Երրորդ խումբը ստացել է ստանդարտ բժշկական օգնություն՝ առանց երաժշտաթերապիայի։

Միջամտության ընթացքում երաժշտություն լսող բուժառուների սրտի կծկումների միջին հաճախությունը կազմել է րոպեում 71–72 զարկ՝ վերահսկիչ խմբում գրանցված րոպեում 80 զարկի դիմաց։

Այս խմբում սրտի կծկումների հաճախությունը կազմել է րոպեում 65,44 զարկ, իսկ միայն միջամտությունից առաջ երաժշտություն լսած բուժառուների շրջանում՝ րոպեում 67 զարկ։ Վերահսկիչ խմբում ցուցանիշը հասել է րոպեում 75,53 զարկի։

Միջամտությունից առաջ և դրա ընթացքում երաժշտություն լսած բուժառուները հայտնել են ամենաթույլ ցավի մասին։ Երաժշտաթերապիայի երկու խմբերում էլ տրոպոնինի մակարդակը զգալիորեն ցածր է եղել։ Բացի դրանից, վերահսկիչ խմբի վեց բուժառուի լրացուցիչ հանգստացնող դեղեր են անհրաժեշտ եղել, մինչդեռ երաժշտություն լսածների շրջանում նման դեպքեր չեն եղել։ Միևնույն ժամանակ խմբերի միջև տագնապայնության մակարդակի տարբերությունները վիճակագրորեն նշանակալի չեն եղել։

Հեղինակները նշում են, որ հետազոտությունը փոքրածավալ էր, իսկ մասնակիցները գիտեին՝ ստանալո՞ւ են երաժշտաթերապիա, թե՞ ոչ, ինչը կարող էր ազդել արդյունքների վրա։ Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ միջամտության ամբողջ ընթացքում հնչող երաժշտությունը կարող է բուժառուներին օգնել հանգստություն պահպանել առավել սթրեսային ժամանակահատվածում։ Հետազոտողներն առաջարկում են երաժշտաթերապիան ներդնել կորոնար անգիոգրաֆիա իրականացնող լաբորատորիաների աշխատանքում՝ միջամտությունը բուժառուների համար պակաս տհաճ դարձնելու նպատակով։