Մանր ցրված պինդ մասնիկների մակարդակները մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներում սահմանված արժեքները նվազեցնելը կարող էր տարեկան ավելի քան ինը միլիոն կյանք փրկել, նշվում է նոյեմբերի 10-ին հրապարակված ԱՀԿ նոր զեկույցում։

Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի հետազոտողները պարզել են, որ PM2.5 մանր ցրված մասնիկների առաջարկվող մակարդակների պահպանումը կարող էր, ըստ գնահատականների, մեկ տարում կանխել 9,4 միլիոն մահ, իսկ ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակների նվազեցումը՝ կանխել կամ հետաձգել մոտ 1,1 միլիոն մահ։

Մթնոլորտային օդի աղտոտվածությունն ամբողջ աշխարհում մարդկանց առողջությանը սպառնացող ամենամեծ բնապահպանական վտանգներից մեկն է․ այն նպաստում է հիվանդությունների լայն շրջանակի զարգացմանը՝ սրտի և թոքերի հիվանդություններից մինչև դեմենցիա։

ԱՀԿ-ն 2021 թվականին թարմացրել է օդի որակի վերաբերյալ իր ուղեցույցները՝ մի շարք աղտոտիչների համար սահմանելով առաջարկվող տարեկան առավելագույն մակարդակների ավելի խիստ շեմեր։ Մասնավորապես, PM2.5-ի համար սահմանաչափը մեկ խորանարդ մետրում 10 միկրոգրամից նվազեցվել է մինչև 5 միկրոգրամ (մկգ/մ³), իսկ NO2-ի համար՝ 40-ից մինչև 10 մկգ/մ³։

Սակայն շատ երկրներ, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող պետությունները, դեռ հեռու են այդ նպատակներին հասնելուց։ Հետազոտության մեջ ընդգրկված 136 երկրներում PM2.5-ի տարեկան միջին խտությունը կազմել է 30,44 մկգ/մ³, այսինքն՝ ավելի քան վեց անգամ գերազանցել է ԱՀԿ-ի առաջարկած սահմանաչափը։

Օդն աղտոտող այս երկու նյութերի արտանետումների կրճատումն առավել մեծ օգուտ կբերեր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին, որոնք ներկայում ամենամեծ վնասն են կրում, հաղորդում է Euronews-ը։ Ինչպես նշում են հեղինակները, այդ երկրներում օդի որակն ընդհանուր առմամբ վատթարացել է լայնածավալ ուրբանիզացիայի, տնտեսական զարգացման և ավտոմեքենաների ու այլ շարժիչավոր փոխադրամիջոցների օգտագործման աճի պայմաններում։

«Օդի որակի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկած ցուցանիշների պահպանումը հեշտ չի լինի, սակայն ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն իրենց բնակչության աճին և քաղաքների ընդլայնմանը զուգընթաց ավելի առողջ ապագա ձևավորելու չափազանց կարևոր հնարավորություն ունեն»,- ասել է Քեմբրիջի համալսարանից Հանին Քրեյսը՝ հետազոտության նամակագրության համար պատասխանատու համահեղինակը։

Վաղաժամ մահերը կանխելուց զատ՝ օդի աղտոտվածության նվազեցումը կարող էր նաև զգալիորեն կրճատել այն մարդկանց թիվը, որոնց մոտ զարգանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, կաթվածը, ասթման, թոքերի խխրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) և դեմենցիան։

Հետազոտության տվյալներով՝ PM2.5-ի առաջարկվող մակարդակներին հասնելը կարող էր տարեկան նվազեցնել ԹՔՕՀ-ի դեպքերի թիվը 2,8 միլիոնով, դեմենցիայի դեպքերինը՝ 1,1 միլիոնով, սրտի իշեմիկ հիվանդության դեպքերինը՝ 7,3 միլիոնով, իսկ կաթվածի դեպքերինը՝ 2,3 միլիոնով։

Քանի որ կանխարգելելի մահերի մեծ մասը բաժին է ընկնում սրտամկանի ինֆարկտին և կաթվածին, հեղինակներն ընդգծում են օդի աղտոտվածության դեմ պայքարի կարևորությունը՝ որպես սրտանոթային հիվանդությունների բեռը նվազեցնելու միջոց։

Ավելի մաքուր օդի օգուտները չէին սահմանափակվի հանրային առողջապահությամբ՝ ապահովելով նաև զգալի տնտեսական օգուտներ։

ԱՀԿ-ի առաջարկությունների պահպանումը մահվան ռիսկի նվազեցման շնորհիվ կարող էր հասարակությանը տարեկան 8,4 տրիլիոն միջազգային դոլարի (Int$) օգուտ բերել․ այդ ցուցանիշը ճշգրտված է՝ հաշվի առնելով երկրների միջև գնողունակության տարբերությունները։ Դա համարժեք է հետազոտության մեջ ընդգրկված բոլոր 136 երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր ծավալի 10,7%-ին։

Ավելի մաքուր օդը նաև առանձին ուղղակի տնտեսական խնայողություններ կապահովեր՝ առողջապահական ծախսերի կրճատման և աշխատանքի արտադրողականության պահպանման շնորհիվ։ ԱՀԿ-ի առաջարկությունների պահպանումը կարող էր տարեկան ապահովել սրտի իշեմիկ հիվանդության բուժծախսերի 11,8 միլիարդ միջազգային դոլարի, կաթվածի դեպքում՝ 5,9 միլիարդ միջազգային դոլարի, իսկ դեմենցիայի դեպքում՝ 8,6 միլիարդ միջազգային դոլարի ուղղակի խնայողություն, ինչպես նաև տասնյակ միլիարդների խնայողություն՝ աշխատանքի արտադրողականության պահպանման հաշվին։