Գիտնականները փորձարկել են CRISPR տեխնոլոգիայի հիմքով ստեղծված փորձարարական դեղամիջոց, որն ընդամենը մեկ ներարկումից հետո երեք տարի շարունակ ցածր մակարդակի վրա է պահել կապիկների արյան մեջ ճարպերի քանակը։ Մասնավորապես, տրիգլիցերիդների խտությունը նվազել է միջինում 43%-ով, իսկ «վատ» խոլեստերինինը՝ 13%-ով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Դեղամիջոցը թիրախավորում է ANGPTL3 գենը, որը պատասխանատու է արյունից ճարպերի դուրսբերումը դանդաղեցնող սպիտակուցի արտադրության համար (այն սինթեզվում է լյարդում)։ CRISPR տեխնոլոգիայի օգնությամբ հետազոտողները փոխել են ԴՆԹ-ի ընդամենը մեկ «տառ»՝ խաթարելով այդ գենի աշխատանքը, ինչի շնորհիվ լյարդն սկսել է զգալիորեն ավելի քիչ ANGPTL3 սպիտակուց արտադրել։

Գիտափորձին մասնակցել է տասը կապիկ, որոնց դեղամիջոցը ներարկվել է մեկ անգամ՝ ներերակային կաթիլային եղանակով։ Երեք տարի անց այդ սպիտակուցի մակարդակը կենդանիների օրգանիզմում շարունակել է նախնական ցուցանիշից միջինը 94%-ով ցածր մնալ, իսկ տրիգլիցերիդների խտությունը՝ 43%-ով։ Ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) խոլեստերինի մակարդակը նվազել է շուրջ 13%-ով։

Գիտնականները դեղամիջոցը փորձարկել են նաև ՑԽԼ ընկալիչների դեֆիցիտ ունեցող չորս կապիկի վրա․ նման խանգարում հանդիպում է բարձր խոլեստերինի ծանր ժառանգական ձևերի դեպքում։ 35 օրվա ընթացքում կենդանիների արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը 458-ից նվազել է միջինը մինչև 247 մգ/դլ-ի, այսինքն՝ 46%-ով։ Սակայն այս խմբում դեղամիջոցի երկարաժամկետ ազդեցությունը դեռևս չի ուսումնասիրվել։

Կենդանիների մոտ նկատվել է լյարդի ֆերմենտների ժամանակավոր բարձրացում, որոնք, սակայն, երկու շաբաթվա ընթացքում վերադարձել են ելակետային ցուցանիշներին։ Այդուհանդերձ, կապիկների վրա կատարված փորձերը դեռ թույլ չեն տալիս վերջնականապես գնահատել, թե որքանով է մեթոդն անվտանգ մարդու համար։

Մարդկանց համար նախատեսված տարբերակը՝ VERVE-201 դեղամիջոցը, արդեն անցնում է կլինիկական փորձարկումների առաջին փուլը։ Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե որքանով է ԴՆԹ-ի նման խմբագրումն անվտանգ և արդյունավետ մարդկանց դեպքում։ Հեռանկարում այս միանվագ միջամտությունը կարող է այլընտրանք դառնալ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակն իջեցնող դեղամիջոցների մշտական ընդունմանը։