Էլեկտրոնային ծխախոտի նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է բացասաբար ազդել արյունատար անոթների աշխատանքի վրա, ընդ որում՝ այդ ազդեցությունը նկատվում է նաև առանց նիկոտինի աերոզոլ ներշնչելիս։ Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները կներկայացվեն Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական ընկերության (RSNA) տարեկան համաժողովում, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը։
Էլեկտրոնային ծխախոտները տաքացնում են հեղուկը՝ առաջացնելով աերոզոլ, որն օգտագործողը ներշնչում է թոքերի մեջ։ Թեև վեյփ օգտագործելիս մարդը կարող է ավելի քիչ թունավոր նյութերի ազդեցության ենթարկվել, քան սովորական ծխախոտ ծխելիս, դա չի նշանակում, թե այդ սովորությունն անվտանգ է առողջության համար։
Հետազոտությանը մասնակցել է 20-50 տարեկան 41 մարդ, որոնք ավելի քան մեկ տարի ամեն օր ծխել կամ էլեկտրոնային ծխախոտ են օգտագործել։ Վերահսկիչ խումբը կազմել է 17 մարդ, որոնք երբեք չեն ծխել և վեյփ չեն օգտագործել։
Մասնակիցները մագնիսառեզոնանսային շերտագրության (MRI) միջոցով հետազոտվել են երեք առանձին գործողություններից առաջ և հետո՝ սովորական ծխախոտ ծխելու, նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու և առանց նիկոտինի աերոզոլ ներշնչելու։
Գիտնականները գնահատել են արյունամատակարարման կարճատև սահմանափակումից հետո արյան հոսքի և թթվածնի մակարդակի վերականգնման արագությունը, աորտայի և քնային զարկերակների առաձգականությունը, ինչպես նաև գլխուղեղի անոթների արձագանքն ու գլխուղեղի կողմից թթվածնի սպառումը։
Արյան շրջանառության և թթվածնով հագեցվածության ցուցանիշների փոփոխություններ են հայտնաբերվել երեք ազդեցություններից յուրաքանչյուրից հետո։ Մասնավորապես, ծխելուց և վեյփի երկու տարբերակներն օգտագործելուց հետո նվազել է երակային արյան սկզբնական սատուրացիան՝ արյան՝ թթվածնով հագեցվածության ցուցանիշը։ Դա կարող է վկայել թոքերի կողմից թթվածնի յուրացման կարճատև վատթարացման մասին։
Ընդ որում՝ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն ազդել է անոթների գործառույթի ավելի մեծ թվով ցուցանիշների վրա, քան սովորական ծխախոտ ծխելը։ Հետազոտողները նշանակալի փոփոխություններ են հայտնաբերել նաև այն մարդկանց մոտ, որոնք արդեն կանոնավոր ծխում կամ վեյփ էին օգտագործում՝ չնայած այն ենթադրությանը, որ օրգանիզմը կարող էր մասամբ հարմարված լինել նման ազդեցություններին։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը գնահատել է միայն ծխելու և վեյփ օգտագործելու անմիջական հետևանքները։ Պարզելու համար, թե արդյոք կարճատև փոփոխությունները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել սրտանոթային համակարգի կայուն խանգարումների, անհրաժեշտ են երկարատև դիտարկումներ։









