Ավստրալիայի ողջ տարածքում հավաքված բազմաբնույթ տվյալների համապարփակ վերլուծությունը համոզիչ կերպով վկայում է ճանաչողական կարողությունների և ուսումնական առաջադիմության վրա ոչ ճիշտ սնվելու բացասական ազդեցության, ինչպես նաև այլ հիվանդությունների հնարավոր զարգացման մասին։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սննդանյութերի ցածր պարունակությամբ բարձր կալորիականությամբ մթերքների և քաղցր ըմպելիքների հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում երիտասարդների հոգեկան առողջության, բարեկեցության և ուսումնական առաջադիմության վրա։

«Առողջ սննդի խթանումը և քիմիական հավելումների, կոնսերվանտների, հագեցած ճարպերի, շաքարի ու աղի բարձր պարունակությամբ վնասակար մթերքների օգտագործման սահմանափակումը կօգնեն վաղ տարիքից օգտակար սովորություններ ձևավորել և երկար տարիներ պահպանել առողջությունը», — ասում է գիտաշխատող, դոկտոր Զեգեյե Աբեբե Աբիտևը՝ Current Nutrition Reports-ում հրապարակված հոդվածի առաջին հեղինակը։

«Մենք պետք է ծնողներին, սպառողներին, մանկավարժներին և երիտասարդներին իրազեկենք մանկության ու պատանեկության տարիներին առողջ սնվելու կարևորության մասին», — ասում է Աբեբե Աբիտևը։ «Թեև կյանքի թանկացման պատճառով առողջ սննդի օգտին ընտրություն կատարելը կարող է հեշտ չլինել, սնուցման վերաբերյալ իրազեկումը առողջ սննդի հասանելիության ու որակի բարձրացմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների հետ համատեղելը չափազանց կարևոր է երեխաների առողջությունը պահպանելու և նրանց զարգացումն ապահովելու համար»։

Մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ, ծովամթերք, լոբազգիներ և կաթնամթերք ներառող հավասարակշռված սննդակարգն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով, որոնք նպաստում են երեխաների աճին և զարգացմանը, հաղորդում է «Научная Россия»-ն։ Հետազոտության ավագ հեղինակ, Ֆլինդերսի առողջապահության և բժշկական հետազոտությունների ինստիտուտի (FHMRI) սնուցման ու հանրային առողջապահության փորձագետ, դոցենտ Յոհաննես Մելակուն հավելում է․ «Երեխաների ձևավորման և զարգացման այս կարևորագույն տարիներին մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկ մթերքներով ու ձկով հարուստ առողջ սննդակարգին հետևելն ակնհայտ օգուտ է տալիս՝ ի տարբերություն բարձր կալորիականությամբ, յուղոտ, քաղցր ու վերամշակված հացահատիկային մթերքների, կարմիր մսի և այլ մթերքների չափից ավելի օգտագործման։ Առողջ սննդակարգը դրականորեն է ազդում հոգեկան առողջության, ճանաչողական կարողությունների և ուսումնական առաջադիմության վրա, մինչդեռ ճարպերի բարձր պարունակությամբ ու գերվերամշակված մթերքների վրա հիմնված արագ սնունդը կապված է հոգեկան առողջության վատթարացման, ճանաչողական կարողությունների և ուսումնական առաջադիմության անկման հետ»։

Չնայած սրտանութափոխանակային ցուցանիշների վերաբերյալ ոչ միանշանակ արդյունքներին՝ հետազոտողները նշում են սնուցման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկություններ և համապատասխան միջոցառումներ սահմանելու ու ներկայացնելու համար ստանդարտացված մեթոդների անհրաժեշտությունը։

Արդյունքները ստացվել են 17 առաջատար հետազոտությունների, այդ թվում՝ Ավստրալիայում ծնողներից և երեխաներից ստացված տվյալների հիման վրա։

Գիտնականների խոսքով՝ հետազոտությունը բացահայտել է նպատակային սննդակարգային միջամտությունների և հանրային առողջապահության ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը՝ վաղ տարիքից առողջ սնունդը խթանելու և երեխաների մտավոր ու ճանաչողական զարգացումը բարելավելու համար, այդ թվում՝ հակաօքսիդանտներով հարուստ սննդակարգի միջոցով բորբոքային գործընթացները նվազեցնելու ճանապարհով։

Պակաս կարևոր չէ հաշվի առնել նաև սոցիալ-տնտեսական ավելի լայն գործոնները, որոնք ազդում են սննդակարգի և առողջ սննդի հասանելիության վրա։ Այդ պայմանների բարելավումը վճռորոշ նշանակություն ունի երեխաների ու դեռահասների սնուցմանն առնչվող ցուցանիշների բարելավման համար։