Նիկոտինն ու ծխախոտի ծուխը կարող են խաթարել վնասված հյուսվածքների վերականգնման համար պատասխանատու բջիջների աշխատանքը և բորբոքում առաջացնել։ Այս եզրակացությանն են հանգել Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետազոտողները։

Archives of Toxicology ամսագրում հրապարակված աշխատանքի արդյունքներն օգնում են բացատրել, թե ինչպես կարող են նիկոտինային փաթեթիկներն ու նիկոտին պարունակող այլ արտադրանքները վնասել բերանի խոռոչի առողջությանը։

Գիտնականներն ուսումնասիրել են նիկոտինի և սիգարետի ծխի մզվածքի ազդեցությունը մեզենքիմային ստրոմալ բջիջների վրա։ Դրանք հասուն օրգանիզմի ցողունային բջիջների տեսակներից են և առկա են օրգանիզմի բազմաթիվ հյուսվածքներում։ Դրանք մասնակցում են հյուսվածքների բնականոն վիճակի պահպանմանն ու վերականգնմանը, այդ թվում՝ վնասվածքներից հետո։ Այս բջիջները կարող են վերածվել տարբեր տեսակի բջիջների, այդ թվում՝ ոսկրային, աճառային և շարակցական հյուսվածքների բջիջների։

Փորձերը ցույց են տվել, որ սիգարետի ծխի մզվածքը նույնիսկ համեմատաբար ցածր խտությունների դեպքում արագ առաջացնում էր նեկրոզ՝ բջիջների անվերահսկելի մահ և քայքայում։

Նիկոտինի ազդեցությունը կախված էր դրա խտությունից։ Ցածր չափաբաժինները փոքր-ինչ արագացնում էին բջիջների բազմացումը, մինչդեռ ավելի բարձրները գործարկում էին ապոպտոզը՝ բջիջների ծրագրավորված մահը։

Բացի այդ, նիկոտինը փոխում էր լիզոսոմների՝ բջջային այն կառուցվածքների աշխատանքը, որոնք քայքայում և վերամշակում են բջջի ներսում առկա տարբեր բաղադրիչներ։ Այս կառուցվածքները կարևոր դեր են խաղում նյութափոխանակության և բջիջների կենսունակության պահպանման գործում։

Հետազոտողները նաև պարզել են, որ նիկոտինի և ծխախոտի ծխի ազդեցությունն այնպիսի խտությունների դեպքում, որոնք բջիջների անմիջական մահ չեն առաջացնում, մեծացնում էր ինտերլեյկին-8-ի (IL-8) արտադրությունը։ Այս սպիտակուցը մասնակցում է բորբոքման կարգավորմանն ու իմունային բջիջները դեպի բորբոքային ռեակցիայի օջախ ներգրավելուն։

Գիտնականների կարծիքով, այս մեխանիզմը կարող է բացատրել նիկոտինային փաթեթիկներ օգտագործողների բերանի խոռոչի լորձաթաղանթի որոշ փոփոխություններ, այդ թվում՝ դրա հաստացումն ու շարակցական հյուսվածքի արագ առաջացումը։ Սակայն այս փոփոխությունների զարգացման մեջ ինտերլեյկին-8-ի կոնկրետ դերը հետագա ուսումնասիրության կարիք ունի։

«Ազդեցությունը չի սահմանափակվում բջիջների կենսունակությամբ. այն կարող է նաև խաթարել դրանց բնականոն գործառույթները», — պարզաբանել է Օուլուի համալսարանի դոցենտ Սաննա Պալոսաարին։

Ըստ նրա, չնայած ծխելու տարածվածության նվազմանը՝ նոր նիկոտինային արտադրանքների օգտագործումը գնալով ավելի է տարածվում, հատկապես երիտասարդների շրջանում։ Նիկոտինային փաթեթիկներ օգտագործողների արյան մեջ նիկոտինի և դրա մետաբոլիտ կոտինինի խտությունները կարող են համադրելի լինել ծխողների ցուցանիշների հետ, իսկ բերանի խոռոչի լորձաթաղանթում նիկոտինի տեղային խտությունը՝ զգալիորեն ավելի բարձր։ Ընդ որում, նման արտադրանքների օգտագործման երկարաժամկետ հետևանքները դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն։

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը բացահայտում է հյուսվածքների վնասման հնարավոր բջջային մեխանիզմները, սակայն լաբորատոր արդյունքներն ինքնին թույլ չեն տալիս պարզել մարդու առողջության համար հետևանքների ծավալը։ Այնուամենայնիվ, ստացված տվյալները վկայում են, որ նիկոտինը կարող է խաթարել հյուսվածքների վերականգնման գործընթացները դեռևս բջիջների մահից առաջ։