Սննդի որակը կարող է երեխաների և դեռահասների հասակի հետ կապված լինել ոչ պակաս չափով, քան ընդունվող կալորիաների ընդհանուր քանակը։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ վերլուծելով 1985–2019 թվականներին մոտ 1,7 մլն չինացի դպրոցականների հասակի վերաբերյալ տվյալները։ Աշխատանքը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են, թե մի քանի տասնամյակի ընթացքում Չինաստանի բնակչության սննդակարգի փոփոխություններն ինչպես են առնչվել երեխաների ֆիզիկական զարգացմանը։ Նրանք համադրել են հասակի համազգային հետազոտությունների արդյունքները երկրի 30 շրջաններում սննդամթերքի սպառման տվյալների հետ։ Ընդ որում, սննդի վերաբերյալ տեղեկություններն արտացոլել են տնային տնտեսությունների կողմից մթերքների միջին սպառումը, այլ ոչ թե յուրաքանչյուր երեխայի անհատական սննդակարգը։
1985–2019 թվականներին դպրոցականների հասակի միջին ստանդարտացված ցուցանիշը −1,1-ից բարձրացել է մինչև 0,1։ Այս ժամանակահատվածում տեղի է ունեցել աստիճանական անցում հիմնականում հացահատիկային մթերքների վրա հիմնված սննդակարգից ավելի բազմազան սնունդի։ Նույն ժամանակահատվածում Չինաստանում 19-ամյա տղամարդկանց հասակն ավելացել է գրեթե 9 սանտիմետրով․ սա ամենամեծ աճն է եղել միջազգային համեմատության մեջ ընդգրկված մոտ 200 երկրների և տարածքների շարքում։
Ուսումնասիրված բոլոր ժամանակահատվածներում հասակի հետ առավել կայուն դրական կապ են ցույց տվել ձուն և ծովամթերքը։ 2000 թվականից հետո ավելի նկատելի դեր են սկսել խաղալ կաթն ու մրգերը։ 2011–2019 թվականներին հասակի հետ ամենաուժեղ կապը դիտվել է մրգերով, ընկույզներով, ձվով և կաթով հարուստ սննդակարգի դեպքում։ Հետազոտողներն այն անվանել են FUEL՝ այս մթերքների անգլերեն անվանումների սկզբնատառերով։
Այս օրինաչափությունը պահպանվել է նաև մի շարք գործոններ հաշվի առնելուց հետո, այդ թվում՝ շրջանների տնտեսական զարգացումը, բնակչության կրթական մակարդակը, արևափայլի տևողությունն ու ջերմաստիճանը։ Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ ավելի բարձր հասակի հետ կապված են եղել սպիտակուցի, ճարպերի, կալցիումի և ցինկի ավելի բարձր խտությամբ սննդակարգերը։ Հատկապես կարևոր ցուցանիշներ են եղել կալցիումի պարունակությունն ու կալցիումի և ֆոսֆորի հարաբերակցությունը։
Միաժամանակ, հետազոտողները հակադարձ կապ են հայտնաբերել սննդակարգի էներգետիկ արժեքում ածխաջրերի մասնաբաժնի և հասակի միջև։ Սակայն սա չի նշանակում, որ ածխաջրերը խոչընդոտում են ֆիզիկական զարգացմանը․ արդյունքը կարող է արտացոլել սննդակարգի ընդհանուր կազմի տարբերությունները։ Հետազոտության վերջին տարիներին էներգիայով ընդհանուր ապահովվածությունն այլևս վիճակագրորեն նշանակալի կապ չի ցուցաբերել հասակի հետ։
FUEL սննդակարգը նաև հնարավոր առավելություններ է ունեցել շրջակա միջավայրի և ընտանեկան բյուջեի համար։ Հեղինակների գնահատմամբ՝ 2010–2023 թվականներին այն կապված է եղել ջերմոցային գազերի ավելի փոքր արտանետումների հետ՝ մսի գերակշռությամբ սննդակարգերի համեմատ. տարեկան մեկ անձի հաշվով՝ մոտ 1–1,8 տ ածխաթթու գազի համարժեք։ Այսպիսի սննդակարգը նաև պահանջել է չափավոր հողային ռեսուրսներ, համեմատաբար քիչ քաղցրահամ ջուր և դիտարկված սննդակարգերի շարքում ունեցել է մթերքների ամենացածր հաշվարկային արժեքը։
Հեղինակներն ընդգծել են, որ արդյունքները չեն ապացուցում, թե մթերքների որոշակի հավաքածուն անմիջականորեն ավելացնում է հասակը։ Հետազոտությունը հիմնված է դիտարկումների և հիմնականում սննդի սպառման տարածաշրջանային տվյալների վրա, ուստի արդյունքների վրա կարող էին ազդել նաև այլ գործոններ։ Եզրակացությունները հաստատելու համար անհրաժեշտ են երեխաների անհատական սննդակարգին երկար ժամանակ հետևող հետազոտություններ, ինչպես նաև վերահսկվող փորձարկումներ։
Գիտնականների կարծիքով՝ ստացված տվյալները կարող են օգնել մշակել սննդային առաջարկություններ, որոնք միաժամանակ նպաստում են երեխաների առողջ զարգացմանը և հաշվի են առնում սննդամթերքի արտադրության տնտեսական ու բնապահպանական հետևանքները։










