Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 15-60 տարեկան գրեթե 1,7 միլիոն կնոջ բժշկական տվյալները։ Հետազոտողները մասնակիցներին բաժանել են չորս խմբի՝ միգրեն և ծխախոտային կախվածություն չունցողների, միայն միգրեն ունեցողների, միայն ծխելու պատմություն և ռիսկի երկու գործոններ ունեցողների։ 20 տարվա ընթացքում հետազոտողները գրանցել են սրտանոթային հիվանդությունների բոլոր դեպքերը և փնտրել օրինաչափություններ։

Տարիքը, ծննդաբերությունների թիվը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը և այլ գործոններ հաշվի առնելուց հետո պարզվել է, որ միգրեն ունեցող կանանց մոտ իշեմիկ ինսուլտի վտանգը 85 տոկոսով ավելի բարձր է եղել, իսկ ծխողների մոտ՝ ավելի քան երկու անգամ ավելի բարձր, քան ռիսկի երկու գործոններն էլ չունեցող մասնակիցների մոտ։ Միգրենի և ծխելու համակցման դեպքում վտանգը մեծացել է 3,6 անգամ։

Իշեմիկ ինսուլտը վիճակ է, որի դեպքում զարկերակի խցանման կամ խիստ նեղացման պատճառով հանկարծակի խանգարվում է գլխուղեղի որևէ հատվածի արյան մատակարարումը։ Արդյունքում՝ այդ հատվածի բջիջները զրկվում են թթվածնից ու սննդանյութերից և հետագայում մահանում։

«Հեմոռագիկ ինսուլտի՝ ուղեղում արնազեղման դեպքում ցուցանիշները հետևյալն են եղել. վտանգը միգրենի դեպքում մեծացել է 46 տոկոսով, ծխելու դեպքում՝ երկու անգամ, իսկ երկու գործոնների համակցման դեպքում՝ 2,6 անգամ», — նշվել է հետազոտության մեջ։

Ծխելը նաև կապված է եղել բարձր մահացության հետ՝ անկախ միգրենի առկայությունից։ Ընդ որում, ռիսկի երկու գործոններն ունեցող կանանց մոտ դիտարկման ժամանակահատվածում մահվան վտանգն ավելի քան երեք անգամ գերազանցել է համեմատվող խմբի ցուցանիշը։

Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը բացահայտել է կապ, սակայն չի ապացուցում, որ միգրենը կամ ծխելն անմիջականորեն ինսուլտ են առաջացնում։ Բացի այդ, աշխատանքն ընդգրկել է միայն ծննդաբերած կանանց, ուստի տղամարդկանց և այլ խմբերի մոտ ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։